Քաղաքական օրակարգում է 2015 թվականի Սահմանադրության սահմանադրականության հարցը: «Չորրորդ իշխանությունը» բազմաթիվ հրապարակումներ է ունեցել գործընթացի ապօրինությունների մասին, որոնցից մեկը ներկայացնում ենք ստորև:
«ՉԻ» 134, հոկտեմբերի 24, 2015թ.
Սահմանադրական այս փոփոխություններն ի սկզբանե կարելի է համարել լեգիտիմությունից զուրկ, ապօրինի մի գործընթաց։ Համենայն դեպս, նման եզրակացության հիմք են տալիս Սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանի գործողությունները։
Այսպես, դեռ հոկտեմբերի 5-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակեց սահմանադրական փոփոխությունների մասին իր կարծիքը, որտեղ անդրադարձ կար այդ գործընթացի շրջանակներում արդարադատության մատչելիության բացակայությանը։ «Նախատեսվող հանրաքվեի ժամանակ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների և ընդդիմադիրների համար բողոքարկելու և արդարադատության մատչելիության հարցերով հավասար հնարավորություններ չեն ընձեռվի նաև ՀՀ սահմանադրական դատարանի մակարդակով՝ պայմանավորված զուտ այն հանգամանքով, որ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավարն է և ինտենսիվորեն ներգրավված է առաջարկվող փոփոխությունների քարոզչության մեջ՝ անձամբ Հայաստանի մարզեր այցելելով և հանդիպումներ անցկացնելով տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Ուստի, հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի լուծման համար պատասխանատու բարձրագույն և միակ դատական մարմինը, որի ղեկավարը սահմանադրական փոփոխությունների հեղինակներից և ամենաակտիվ քարոզիչներից մեկն է, ակնհայտորեն չի կարող ապահովել դատավարության կողմերի նկատմամբ անկողմնակալ վերաբերմունք և վեճերի պատշաճ լուծում»,- նշված էր հայտարարության մեջ։ Հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հրապարակումից հետո հանձնաժողովի անդամները՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, շրջում էին մարզերով, հանդիպում բնակչության հետ (ավելի ճիշտ՝ պետական հիմնարկությունների ներկայացուցիչների հետ) և քարոզում հայեցակարգը։
Այս հանգամանքի վրա ուշադրություն էր հրավիրել նաև Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը՝ հոկտեմբերի 16-ի իր հայտարարությամբ։ ՀԱԿ-ը նշել էր, թե հանրաքվեի պաշտոնական բուն գործընթացն սկսվում է քարոզչության համար սահմանված առաջին օրից և ավարտվում քվեարկությունից հետո հրապարակված արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար օրենքով սահմանված հնարավորության 7-օրյա ժամկետով։ «Մեկնարկած սահմանադրական հանրաքվեն ապօրինի է, քանի որ ի սկզբանե առկա է նրա վերջնական արդյունքները կանխորոշող կարևոր հանգամանք՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ունեցած գործունեության հետ։ Վերջինս եղել է նոր սահմանադրությունը մշակող հանձնաժողովի նախագահը, ոչ միայն ակտիվորեն մասնակցել է հանրաքվեի դրված նախագծի կազմմանը, այլև եռանդուն քարոզչություն է իրականացրել դրա օգտին։ Դրանով նա, նախ՝ խախտելով Սահմանադրության և օրենքի հստակ պահանջը, ըստ էության, զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ Երկրորդ՝ լինելով ու հրապարակավ ներկայանալով որպես հանրաքվեի դրված նախագծի պաշտպան, նա, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, չի կարող անաչառ ու անկողմնակալ լինել հանրաքվեի արդյունքների բողոքարկման դեպքում գործը քննելիս»,- մանրամասնած էր ՀԱԿ հայտարարության մեջ։
Այս հայտարարություններին արձագանքել էր նաև Գագիկ Հարությունյանը։ Մասնավորապես, հոկտեմբերի 9-ին անդրադառնալով «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի հայտարարության մեջ մատնանշված մտավախություններին, ասել էր. «Մտավախություն չունեմ ու չեմ կարող ունենալ, քանի որ մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքն արել ու ավարտել է, քարոզչությունը նոր է սկսում»։ Նա միաժամանակ հրաժարվել էր խոսել սահմանադրության նախագծի վիճահարույց դրույթների մասին` հայտարարելով, թե «Մասնագիտական հանձնաժողովն իրավաբանորեն այլևս գոյություն չունի»։
Ուշադրություն դարձրեք՝ Գ.Հարությունյանը փորձել էր իրեն կամաց-կամաց օտարել այս գործընթացից՝ պնդելով, որ մասնագիտական հանձնաժողովն այլևս գոյություն չունի։
Բայց երեկ միանգամայն այլ բան պարզվեց։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի մյուս անդամներից Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնել են Իտալիա՝ մասնակցելու Վենետիկի հանձնաժողովի նիստին։ Այսինքն՝ միջազգային ասպարեզում Գ. Հարությունյանը շարունակում է ներկայացնել «իրավաբանորեն գոյություն չունեցող» մասնագիտական հանձնաժողովը, և «քարոզել» սահմանադրական փոփոխությունները։ Ճիշտ է, պաշտոնապես Գ.Հարությունյանն այդ նիստին մասնակցել է որպես Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ, բայց նա ծավալել է մասնագիտական հանձնաժողովի անդամի գործունեություն։ Սա էլ մեջբերում ՍԴ կայքից. «հոկտեմբերի 23-ին, պարոն Հարությունյանը մասնակցեց Վենետիկի Հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին, որի շրջանակներում հաստատվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 և 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 և 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը, որոնք պատրաստվել էին հանձնաժողովի անդամներ Ս. Բարտոլեի, Ա. Էնդինշի, Ք. Գրաբենվարտերի, Տ. Խաբրիևայի, Ե. Տանչևի և Կ. Տուորիի նկատառումների հիման վրա»։
Արման Գալոյան
Հ.Գ. Սերժ Սարգսյանն իր հերթին, Գալուստ Սահակյանն իր հերթին միջազգային կառույցների ներկայացուցիչների մոտ փորձում են գովաբանել սահմանադրական փոփոխությունների այս գործընթացը։ Բայց, ինչպես տեսնում եք՝ ապօրինություններն ակնհայտ են, և միջազգային հանրությունը ճիշտ կաներ՝ այս իրողությունների վրա ուշադրություն դարձներ։