...

Հանգիստ թողեք Հենրիխին

Հանգիստ թողեք Հենրիխին

Այն բանից հետո, երբ Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ում տպավորիչ հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ, մեր հանրության մի մասը, նրանց թվում՝ իշխանական քարոզիչները, կատաղած են... Հենրիխ Մխիթարյանի վրա: 

Հա, հենց կատաղած: Թե բա ինչի՞ Հենրիխը չի շնորհավորել մեր հավաքականին այդ հաղթանակի առթիվ: 

Ու քանի որ մի քանի օր է, Մխիթարյանի դեմ այս հիստերիան չի դադարում, ասենք ձեզ, որ նախ Մխիթարյանը պարտավոր չէ մեր հավաքականի ցանկացած խաղին արձագանքել: 

Երկրորդ. Հենրիխը հայկական ֆուտբոլի լեգենդն է, մեր հպարտությունն ու պարծանքը, որն արդեն 15 տարի բարձր է պահում հայկական ֆուտբոլի պատիվը միջազգային ասպարեզներում, որն իր խաղով բազմաթիվ անգամ ուրախություն է պարգևել հայ երկրպագուներին: 

Նա այնքան բան է արել հայկական ֆուտբոլի համար, այնքան մեծ ներդրում ունի ֆուտբոլի մասսայականացման գործում, որ հիմա կշնորհավորի, չի շնորհավորի, հանդես կգա հավաքականում, կամ հանդես չի գա, դրանից նրա մեծությունը, նշանակությունը չի նվազելու: 

Ասում են` նեղացած է, Նեմեցի պատվերն է կատարում, փոքրոգություն, քինախնդրություն է դրսևորել: Մենք չգիտեինք, որ չշնորհավորելը քինախնդրություն է համարվում, բայց մի պահ ընդունենք, որ այդպես է:

Իսկ դուք գիտե՞ք, որ հունիսի 9-ին կայացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպում, որտեղ խաղացել են «Մանչեսթեր Սիթին» ու Միլանի «Ինտերը»: Տեղյա՞կ եք, որ այդ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը: Լսած կա՞ք, որ Մխիթարյանը առաջին հայ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է ՉԼ-ի եզրափակիչ խաղին: Դա պատմական իրադարձություն է, որը մեծ հավանականությամբ առաջիկա մի քանի տասնյակ տարիներին չի կրկնվի:

Ու այս ֆանտաստիկ նվաճմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ կերպ չի արձագանքել: Ոչ իր պաշտոնական կայքում, ոչ ֆեյսբուքյան էջում գոնե մի տողով չի հիշատակել Հենրիխի մասնակցությունը ՉԼ-ի եզրափակչին: Մի հատ շնորհավորանք, հպարտության որևէ բառ... չկա: Կարծես նման բան չի եղել: Քինախնդրությունը հենց սա է: Որ Հայաստանի ֆուտբոլային գլխավոր կառույցը անտեսում է մեր պատմության լավագույն ֆուտբոլիստին: Բացարձակ կապ չունի, թե նրանց միջև ինչ հարաբերություններ են: 

Թեպետ պարտավոր էր շնորհավորել, որովհետև ՀՖՖ-ն է: Իշխանական քարոզիչներին և Հենրիխին քննադատողներից քանի՞սն են քննադատել ՀՖՖ-ին Մխիթարյանի հանդեպ նման վարքագծի համար: 

Հանգիստ թողեք Հենրիխին: Նա իր գործն արել է, արել է պատվով, շարունակում է անել, ձեր մանր միջակությունը նրան քննադատելով ու պախարակելով չի փոխվելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2642 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ