«Հայաստանում չի եղել հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: Պահանջվում էր հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: ՀՀ-ն անտեր է: Օդում կար հեղափոխության սպասում, դա տրանսֆորմացվեց հրաշքի սպասման, որն այսօր տրանսֆորմացվում է աղետի սպասման»:
Ոչ սա նախկին ռեժիմի դեմ պայքարած և այսօր նորից ընդդիմությունում գտնվող գործչի տեսակետ չէ:
Սա Սերժ Սարգսյանի փեսա, նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սուրբ Աթոռում դեսպան, միլիոնատեր, մեդիամագնատ Միքայել Մինասյանի բացառիկ հարցազրույցից մտքեր են՝ տրված 168 ժամին:
ՉԻ. Մնում է հասկանալ, թե որ պահից է նախկին դեսպանը հասկացել, որ կա հեղափոխության սպասում: Միգուցե, ականջի պոչով լսել է, թե ինչ է կատարվում Արա Մինասյանի ղեկավարած բժշկական կենտրոնում և հասկացել, որ այդպես շարունակելու դեպքում հեղափոխություն կլինի: Միգուցե, ականջի պոչով լսել է, որ աներոջ եղբայրները հարստություն են դիզում, իսկ որդիները մարդկանց վրա կրակելով և թմրանյութերի վաճառքով են զբաղվում: Դրա համար հասկացել է, որ հեղափոխություն կլինի: Միգուցե, ականջի պոչով լսել է, որ մեդիայի հերն անիծել է, և դրա վերջը հեղափոխություն կլինի:
Չգիտենք, հատկապես ինչի արդյունքում է ինքը հանգել նման համոզման:
Ավելի հետաքրքիր է` խոսե՞լ է այդ մասին աներոջ հետ, փորձե՞լ է բացատրել, որ անձամբ ինքը և աներոջ եղբայրներն իրենց վարքով մոտեցնում են հեղափոխությունը:
Մինասյանի խոսքից կարելի է տպավորություն ստանալ, որ ինքը օժանդակել է հեղափոխությանը, բայց ինչ-որ պահի նրան դուրս են թողել խաղից: Եվ հիմա, նա գրեթե բաց տեքստով ասում է դրա մասին:
Մնում է միայն ենթադրել, թե ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում Ձորաղբյուրի ամառանոցում: Մի հարկի տակ ապրում են ռևանշիստը և ձախողված հեղափոխականը: Ամեն դեպքում ոստիկանության թաղայինը պետք է հատուկ ուշադրության տակ պահի այդ հասցեն, հանկարծ քաղաքական հողի վրա իրար չդանակահարեն: