«Պատերազմն իսկապես մտածելու տեղիք տվեց: Ես կուզեմ մի դրվագ հիշեցնել՝ երբ ամիսներ առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ահազանգ հնչեցրեց, ասաց՝ այս, այս, այս քայլերը, որ արվում են մեր իրականության մեջ, թուլացնում են մեր պետությունը, և ասաց՝ ոնց որ թուրքերին հրավիրենք մեզ վրա հարձակվելու: Մեր քաղաքական ակտիվը, ստատուս գրողները փոխանակ ասեին՝ այս մարդը վարչապետ է եղել, նրա վարչապետության ժամանակ պատերազմ ենք հաղթել, եկեք ճշտենք, թե կոնկրետ ինչ նկատի ունի, բայց հազարներով այդ մարդու հետևից ընկան, ասացին՝ դու ծախված ես, Ալիևի մարդն ես…»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ ընդգծելով՝ առ այսօր շատերը շարունակում են հալածել Հրանտ Բագրատյանին:
«Ես սրա անունը դնում եմ քաղաքական դեբիլիզմ: Մենք փոխանակ լսենք խելացի մտքերը, անհանգստությունները և անհրաժեշտ հետևություն անենք, գրոհում ենք այդ մարդկանց վրա: Հրանտ Բագրատյանն ահազանգեց, մենք փոխանակ քայլեր ձեռնարկեինք, ընկանք հետևից, և էլ ավելի նպաստեցինք, որ թուրքերը հարձակվեն մեզ վրա»,- նշեց նա:
«ՉԻ». Չէ, մենք չենք գնա նույն ճանապարհով և Պեպանյանի քաղաքական վերլուծությունները չենք անվանի դեբիլ վերլուծություններ:
Նախ, Պեպանյանը կեղծում է: Բագրատյանը այդպես չձևակերպեց իր միտքը: Նա ասած, որ Ալիևի տեղը լիներ, աշնանը կհարձակվեր: Համաձայնեք, որ մեծ տարբերություն կա:
Բայց դա էլ կարևոր չէ: Կարևորը խոսքի և գործի տարբերությունն է: Անկեղծ լինելու դեպքում Բագրատյանը և հիշյալ վերլուծաբանը առավոտից երեկո մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն գործուն քայլեր կառաջարկեին, թե ինչպես պետք է պատրաստվել հարձակմանը:
Իսկ հարձակմանը պետք էր պատրաստվել մի ճանապարհով: Նախկիններից վերցնել նրանց կուտակած հարստության գոնե մի մասը և զինամթերք գնել: Այլ գործուն ճանապարհ չկար և չկա: Էրդողանը Հայաստանի վրա չի հարձակվել, որովհետև Վազգեն Մանուկյանին հեռացրել են Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից և այնտեղ նշանակել Ստյոպա Սաֆարյանին: Եվ ոչ էլ մտահոգված է Քոչարյանի դատավարության չսկսելով: Հեքիաթներ պատմել պետք չէ:
Պեպանյանը պետք է Քոչարյանին ու Սարգսյանին հորդորեր, որ քաղաքագետներ, մեդիաներ ու ֆեյքեր պահելու փոխարեն, ավելի լավ է գումար վերադարձնել բյուջե և զինվել: Հաստատ դեբիլ առաջարկ չէր լինի: