ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ընդդիմության օրակարգին ու հայտարարել, թե իրենք դիմել են իրավապահներին, որպեսզի քննությունը պարզի՝ Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, թե՞ ոչ։
Սա, իհարկե, բացառիկ խելամիտ մարտավարություն է։ Սկզբում հանրահավաքներ ես կազմակերպում, վանկարկում «Նիկոլ-դավաճա՛ն», հետո դիմում իրավապահներին, որպեսզի նրանք պարզեն՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ մեղադրանքը, թե՞ ոչ։ Մեկ էլ տեսար՝ հրաշք տեղի ունեցավ, և իրավապահները Նիկոլին դավաճան հռչակեցին։ Իսկ եթե չստացվեց՝ իշխանությունների հետ կառուցողական համագործակցության արդարացումն ապահովված է։ Կասեն «դե մենք ի՞նչ մեղավոր ենք, քննությո՛ւնն է այդպես պարզել, իսկ մենք վստահում ենք իրավապահ համակարգին»։ Համակարգն էլ նման վստահության դիմաց երևի կպարզի, որ «Հայաստան» դաշինքի տերերը նախկինում ոչ մի հանցանք չեն գործել, համարյա հրեշտակներ են, որոնց պետությունը դեռ մի բան էլ պիտի նյութական փոխհատուցում տա՝ հասցված բարոյական վնասի համար։