Իշխանություն-ԲՀԿ հակամարտությունն ու Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող իրադարձությունները զարգանում են հավի ու ձվի առաջացման դիլեմայի ներքո։
Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ականները կառավարության 100 տոկոս հրաժարականը պահանջեցին այն բանից հետո, երբ արդեն տեղեկություններ ունեին Ծառուկյանին ու ԲՀԿ-ականներին վերաբերող մի քանի քրեական գործերի մասին։
Ծառուկյանն ու ԲՀԿ-ականներն էլ պնդում են հակառակը, թե երբ իրենք հնչեցրին Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջները, դրանց հետևեցին այդ քրեական գործերը, ըստ այդմ՝ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություններ է տարածել Գագիկ Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ։
Դրանցից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանն առնչվող ապօրինությունների մասին է, ըստ որի՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։
Երկրորդ հաղորդագրությունն առնչվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքերին։ Ընդ որում, խոսքը միայն մեկ մարզում՝ Գեղարքունիքում կազմակերպված ընտրակաշառարարության փաստերի մասին է, որոնց վերաբերյալ կան փաստաթղթեր։
Երրորդ քրեական գործի համաձայն, Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, ապա հողատարածքն ապօրինի կերպով օտարել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Այս ապօրինությունների հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն դրամ։
Հասկանալի է, որ այս քրեական գործերում առկա փաստական տվյալները ձեռք են բերվել տևական քննության, իրականացված օպերատիվ երկարատև միջոցառումների, համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդկանց հարցաքննությունների ընթացքում։ Այսինքն՝ գործընթացը ամիսներ է տևել։
Դժվար չէ ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ականները ինչ-որ աղբյուրներից կարող էին իմանալ այդ քրեական գործերի մասին, ավելի ճիշտ՝ հաստատ իմացած կլինեին, քանի որ գործերը վերաբերում են Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններին ու ԲՀԿ տարածքային կառույցներից մեկին։
Այսինքն, այս առումով առավել հավանականը իշխանության առաջ քաշած տարբերակն է, որ Գագիկ Ծառուկյանի՝ Փաշինյանի ու կառավարության հրաժարականները պահանջող հայտարարություններն ուղղակիորեն կապ ունեն այս քրեական գործերի հետ։ Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կառավարության հրաժարականի պահանջը հնչեցրել է այն նպատակով, որ քրեական գործերը հարուցելուց հետո հնարավորություն ունենար հարցը իրավականից տեղափոխել քաղաքական հարթություն ու խոսել իրեն քաղաքական հետապնդման ենթարկելու մասին։ Շատ սովորական ու հին պատմություն է։
Հ.Գ. Երեկ ուշ երեկոյան ԱԱԾ-ում իրականացված հարցաքննությունից դուրս գալուց հետո անդրադառնալով հարուցված քրեական գործերին՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ինքն ընդամենը սեփականատեր է ու գործ չունի ընկերությունների կառավարման հետ։ Այսինքն՝ նա այս հայտարարությամբ փորձում է իրենից հեռացնել հնարավոր անօրինականություններն ու հանցագործությունները՝ պատասխանատվությունը դնելով կառավարիչների վրա։
Համլետ Կիրակոսյան