...

Հայաստանի գործակալական ցանցը համալրվել է Խոդորկովսկու մարդկանցով

Հայաստանի գործակալական ցանցը համալրվել է Խոդորկովսկու մարդկանցով

Միխայիլ Խոդորկովսկին ունի մարդկանց մեծ խումբ, որոնք տեղափոխվել են Հայաստան, տներ են վարձակալել, այսօր աշխատում են Հայաստանում ու շարունակում են իրենց աշխատանքն ընդդեմ Վլադիմիր Պուտինի․ այս մասին հայտարարել է ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ «Եթե մնացած ամեն ինչը դնենք մի կողմ, ապա պետք է հիշենք, որ Ռուսաստանի հետ նվազագույնը մեզ կապում է գոնե անվտանգությունը, և եթե հանկարծ որևէ ռուս զինվոր գնաց մեր երկրից, հաջորդ օրն այստեղ մտնելու են թուրքական տանկերն ու թուրքական յաթաղանը: Եվ հիմա այս ամենով հանդերձ` Երևանում անցկացվում է մի տխմար ակցիա…(նկատի ունի ապրիլի 24-ին կազմակերպվող ակցիան՝ ի սատարում Ուկրաինայի և ընդդեմ Ռուսաստանի-խմբ)։ Ցավոք, մեր երկիրը կարծես դարձել է «պարկովկա», ով ուզում՝ իր գաղափարները փարքինգ է անում Հայաստանում, ու քանի որ ոչ իշխանություն կա, ոչ որևէ համակարգ է գործում, չեմ զարմանա, որ վաղը թուրքական դրոշներով քայլերթ կազմակերպեն, ու էդ ամեն ինչ թույլատրվի»,- «Առավոտի» փոխանցմամբ ասել է ռեժիսորը: 

Այն, որ գործակալական տարբեր ցանցերի ներկայացուցիչներ վխտում են Հայաստանում, նորություն չէ։ Նորություն չէ նաև այն, որ ռուսներին այդպես էլ չհաջողվեց տարիների ընթացքում քարոզչական ճիշտ աշխատանքով կոտրել այն անվստահությունը, որը ձևավորվել է հասարակության ակտիվ շերտերի մոտ առ Ռուսաստան։ Մենք ՌԴ-ի համար այդպես էլ չդարձանք գործընկեր։ «Ռուսական սապոգի» հնացած գործիքակազմով շարունակվեց կարգավորվել հայ-ռուսական հարաբերությունները։ Հեղափոխությունից հետո ռուսական ֆորպոստի մեր կարգավիճակն ավելի իջեցվեց, իսկ պատերազմից հետո շրջանառության մեջ դրված քարոզչական հնարքը, թե ռուսներն էլի մեզ «քցեցին», ահագին արդյունավետ աշխատեց։ Սրան զուգահեռ հակառուսական կառույցները բավականին մոբիլ աշխատեցին՝ խորացնելով այն կասկածները, որոնց տեղիքը ՌԴ-ն էր տվել։ Բայց հիմա սրա ժամանակը չէ։ Ռուսաստանն էլ, Հայաստանն էլ, մեր գործընկերային հարաբերություններն էլ ափդեյթի կարիք ունեն։ Կհասցնենք՝ երկուստե՞ք, թե՞ ոչ, դժվար է ասել։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ