...

Հայ-ռուսականից հոգնած, ռուս-ադրբեջանականով մտահոգված

Հայ-ռուսականից հոգնած, ռուս-ադրբեջանականով մտահոգված

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել: Ստորագրմանը նախորդած երկու նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունները երկար են տևել՝ մոտ 4 ժամ։ Բնականաբար հաջորդած ասուլիսում կողմերը չեն շրջանցել Հայաստանի, ավելի որոշակի՝ Արցախի թեման։ Այս համատեքստում փորձենք կարճ արձանագրումներ դուրս բերել Պուտինի և Ալիևի համատեղ ասուլիսից։

Ի՞նչ է ասել Վլադիմիր Պուտինը 

1․ «Հաստատվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը»։ 

2․ «Կան արդեն որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման առումով, այլ նաև առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ... Գիտեմ, որ դեռ կան վեճեր, անելիքներ կան, բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը շարունակվի խաղաղ ճանապարհով, որպեսզի մենք հասնենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի գոհունակությանը»։ 

Ի՞նչ է ասել Իլհամ Ալիևը

1․ Բաքուն Երևանից ակնկալում է, որ հայկական կողմը ամբողջությամբ կատարի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը Ղարաբաղից հայկական բոլոր ուժերը դուրս հանելու, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ։ 

2․ Ալիևը նշել է իրենց վերահսկողությանը անցած տարածքների վերականգնողական աշխատանքներում ռուսների մասնակցության մասին՝ ասելով, թե ռուսական 14 ընկերություններից հայտեր են ստացել, որոնք ցանկանում են այդ տարածքներում գործունեություն ծավալել։

43 կետանոց հռչակագրի ամենաուշագրավ ձևակերպումները վերաբերում են միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությանը, ինչպես նաև նրան, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին:

Փորձենք կոնկրետանալ։ «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի առաջին կետով սահմանվում է՝ «1. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունն իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային փոխգործակցության, անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների պահպանման, իրավահավասարության և փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա»։ Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա այս մասով էլ Հռչակագրում ընդգծվում է․  «15. Կողմերը կակտիվացնեն ջանքերը զենքի և ռազմական տեխնիկայի պահպանման, վերանորոգման, արդիականացման սպասարկման կենտրոններ ստեղծելու, ինչպես նաև տարբեր տեսակի ռազմական արտադրանքի համատեղ արտադրություն կազմակերպելու ուղղությամբ»: Ի դեպ՝ 3-րդ երկրների մասով էլ ձևակերպումներ կան։ Ըստ այդմ՝ «12.Կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցություն, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ երրորդ երկրների դեմ: Սա մեկ։ Երկրորդ՝ «17.Կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից, ներառյալ երրորդ պետությունների միջոցով իրականացվող գործողությունները»:

ՀՀԿ Գործադիր մարմինը երեկ հայտարարություն է տարածել ընդունված Հռչակագրի առնչությամբ, որտեղ ընդգծել է․ «Երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ, ապա դա, նախևառաջ, քո սեփական թուլության, քո գործած սխալների, քո ռազմաքաղաքական տապալման, քո աշխարհաքաղաքական սնանկության հետևանքն է»։ Ըստ ՀՀԿ-ի՝ «Ցավոք, ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ընկալելի, համադրելի և ներդաշնակեցված չի եղել ռազմավարական դաշնակցի տարածաշրջանային շահերի հետ, ինչի արդյունքում արձանագրվել են հայ ժողովրդի համար մտահոգության առիթ հանդիսացող նոր դրսևորումներ։ Այսօրվա ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլևս միջազգային մակարդակի ահազանգն է։ Հայաստանի և Արցախի ապագայի համար կենսական անհրաժեշտություն են նոր որակի, բովանդակության և ազնվության վրա կառուցվելիք համապարփակ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչին անհապաղ ձեռնամուխ պիտի լինեն գալիք իշխանությունները»,- ասված է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարության մեջ։

Բոլորը ճիշտ են, մենք՝ սխալ։ Ադրբեջանն իր շահերով է առաջնորդվում, Ռուսաստանը՝ իր։ Իսկ մեր քաղաքական միտքը նույն տեղապտույտի մեջ է՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, ով մեզ խաբեց, ով անիծեց, ով հարամեց․․․։  Քաղաքական ռացիոնալ մտքի բացակայության պայմաններում՝ աշխարհի հետ առնչվում ենք մեր էմոցիաների պրիզմայով։ Տեղ-տեղ շուստրիություն անելով՝ ժամանակ ենք ձգում, մինչև ավարտվում է այդ ժամանակը։ Հետո ափսոսում ենք, որ շուտ գլխի չենք ընկել։ Չենք էլ մտածում, որ գլխի բացակայության պայմաններում գլխի ընկնելու շանսը գրեթե զրոյական է։ Հենց այսպես էլ՝ գալիք իշխանությունների անելիքը պլանավորելու օրակարգով էլ ապրում ենք։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ