Հայաստանում, իհարկե, համակարգված կոռուպցիա չկա։ Համենայն դեպս Նիկոլ Փաշինյանն այդպես է պնդում։ Եվ ահա Մարց գետի վրա կառուցված հէկ-ի ոդիսականի մանրամասները հայտնվում են մամուլում։ Եթե կարճ՝ պատկերը հետևյալն է․ Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվում՝ մոտ 60 մլն դրամի չարաշահումների գործով, հետո նա իր ընտանիքին պատկանող այդ հիդրոկայանը, որի արժեքը մոտ 250 միլիոն դրամ է, 50 հազար դրամով վաճառում է Խաչատուր Քոքոբելյանի եղբոր 20-ամյա որդուն, նույն օրը այդ ընկերության նոր տնօրեն է նշանակվում Նիկոլ Փաշինյանի եղբայրը, իսկ մի քանի ամիս անց Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցված գործը կարճվում է՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Դե իհարկե, ի՞նչ կոռուպցիա, ի՞նչ բան, «թղթերով ամեն ինչ կարգին է»։ Դարբինյաններն իրենց հէկ-ը ինչ գնով ուզեն՝ կվաճառեն, իրենց որոշելիքն է, քրեական գործի վաղեմության ժամկետը գուցե իսկապես լրացել է, Նիկոլի եղբայրն էլ ումի՞ց է պակաս, որ գոնե մի քանի տեղ տնօրեն չաշխատի, օրենքը հո չի՞ արգելում։ Ընդ որում՝ Վանաձորի «նախկին հանցավոր թալանչին» այդ հէկ-ը հո ազնիվ միջոցներով չի՞ կառուցել, կեղտաջրերի մաքրման կայանը արժեքից 4 անգամ էժան վաճառել է իր մոտիկին, հետո էլ այդ խողովակներով կառուցել իր հէկ-ը։ Ուշադրություն դարձրեք՝ 4 անգամ էժան։ Մարդն ի՞նչ իմանար, որ նորերը դա իրենից իրական արժեքից 5 հազար անգամ ավելի էժան են առնելու։ Կամ, թվերով արտահայտված, նորերի օրոք կոռուպցիան ավելանալու է 125 000 տոկոսով։
Մի խոսքով՝ կոռուպցիան արմատախիլ անողներից ընդամենը չորս տարի պահանջվեց նախկիններին գերազանցելու համար։ Պարզվեց՝ ընդամենը երեք քայլ էր պետք։ Առաջին՝ Սեյրան Սարոյանի ասած, «կուռկուռի ձագ դարձնել» բոլոր նախկին թալանչիներին, երկրորդ՝ լիովին վերահսկելի դարձնել դատաիրավական համակարգը, և երրորդ՝ հոգեբանորեն «կոտրել» ժողովրդին։ Եվ վերջ, դրանից հետո կարելի է առանց որևէ բանից վախենալու, բացառիկ ցինիզմով թալանել (Նիկոլ Փաշինյանի ասած՝ «շինել») երկիրն էլ, ժողովրդին էլ։ Պատկերացրեք՝ վաղը լրատվամիջոցներում ու սոցկայքերում տեսանյութ է հայտնվում, թե ինչպես է, օրինակ, Նիկոլ Փաշինյանն իր կաբինետում «բարեխիղճ գործարարներից» ճամպրուկներով փող ստանում, աչքերը պսպղացնելով արագ-արագ հաշվում կապոցներն ու հիստերիկ շարժումներով մի քանիսը խոթում ծոցագրպանը, ճմրթում ու խցկում շալվարի գրպանները կամ լցնում ծոցը․․․ Կամ պատկերացրեք՝ տեսանյութ է հայտնվում, թե ինչպես է Նիկոլը մաքուր ադրբեջաներենով Ալիևի հետ սակարկում Ղարաբաղի գնի շուրջ։ Եվ ի՞նչ, դրանից ինչ-որ բա՞ն է փոխվելու։ Շատ-շատ՝ սոցկայքերում մի քանի օր հայհոյեն, անիծեն հայի բախտը, և վերջ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ամենակարևորը՝ նա իր օրինակով ժողովրդին վերջնականապես համոզել է, որ «մեկ ա, ով էլ գա՝ նույնն ա անելու», որովհետև եթե անգամ «ազնիվ, համեստ, ժողովրդի ծոցից ելած պարզ-միամիտ գյուղացին» է կարճ ժամանակում նախկիններին տալիս-անցնում, ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի պայքարելը, պիտի կամ «եղունգ ունես՝ գլուխդ քորի» սկզբունքով փորձես հարմարվել, կամ պիտի հեռանաս երկրից ու հեռվից հեռու խղճաս լակոտակրատիայի ճիրաններում տառապող բիբլիական հայրենիքդ։
Հենց սա է ժողովրդին հոգեբանորեն կոտրելը, որը, ի դեպ, ոչ Քոչարյանին էր հաջողվել, ոչ Սերժին։ Նրանք վախենում էին, որ մի օր մարդկանց համբերության բաժակը կլցվի, դրա համար էլ նրանց օրոք կոռուպցիան այսքան բացահայտ ու լկտի չէր․ նրանք պետական ունեցվածքը շատ-շատ մի 10 անգամ էժան էին յուրացնում, փայ մտնելիս շատ-շատ 50 տոկոսով էին փայ մտնում, խնամքով թաքցնում էին հետքերը, և այլն։ Նիկոլի օրոք նման «ձևականություններն» անիմաստ են դարձել։ Լավ է անում, ինչ պետք է՝ վերցնում է, հարցեր կա՞ն։
Մարկ Նշանյան