...

4. Պատուհասապետության հաջողության նախադրյալները․ կոռուպցիա և «բեսպրեդել»

4. Պատուհասապետության հաջողության նախադրյալները․ կոռուպցիա և «բեսպրեդել»

«Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» հաջողության պատճառներից մեկն էլ երկրում տիրող համատարած կոռուպցիան էր՝ զուգորդված սոցիալական անարդարությամբ ու «բեսպրեդելով»։ Այսօր՝ վեց տարիների հեռվից, այն ժամանակվա կոռուպցիան, իհարկե, մանկական խաղ է թվում, բայց վեց տարի առաջ «տուգանքի մատերիալ» ժողովուրդը հազիվ թե պատկերացներ, որ իշխանության ձգտող «հեղափոխականները» կարճ ժամանակում «ծյունինգի են ենթարկելու» կոռուպցիոն համակարգը, հեծանիվները փոխարինելու են մի քանի հարյուր հազարանոց ծառայողական մեքենաներով, հարկատուների հաշվին իրենք իրենց ահռելի պարգևավճարներ են բաժանելու, «թալանը քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելն» էլ դառնալու է ընդամենը «կուլակաթափության» ու սեփականության վերաբաշխման կիսալեգիտիմ գործիք։

Փաստն այն է, որ «հեղափոխությանը» նախորդած տարիներին Հայաստանում կոռուպցիան իսկապես ծաղկում էր, և դա տեսանելի էր բոլորին։ Ընկալումները, իհարկե, չափազանցված էին, բայց այնպես էլ չէր, որ «կեսը Սաշիկինն ա, կեսը Միշիկինը» տիպի անեկդոտներն ընդհանրապես որևէ հիմք չունեին։ Ժողովուրդը տեսնում էր նաև, որ իշխանական վերնախավի մեկ-երկու տասնյակ ներկայացուցիչների ունեցվածքն անգամներով գերազանցում է երկրի բյուջեն, օլիգարխներն էլ՝ որոնք, իբր, պիտի այլևս տեղ չունենային խորհրդարանում, բայց տարբեր «շուստրի» մեխանիզմներով հայտնվեցին այնտեղ, մեջ-մեջ էին արել տնտեսության ու բիզնեսի ամենաշահութաբեր ոլորտները։ Փաստացի՝ երկրում այնպիսի վիճակ էր, որ շատից-քչից նորմալ բիզնես ունենալու կամ պետական որևէ հիմնարկում աշխատելու համար որևէ բարձրաստիճան չինովնիկի կամ օլիգարխի հովանու տակ գտնվելը պարտադիր էր։

Բնականաբար՝ այդպիսի հովանավորություն չունեցողները կամ ավելի բարձր հովանավորության հույս ունեցողները, որոնք ժողովրդի մեծամասնությունն էին կազմում, պիտի հալած յուղի տեղ ընդունեին «բաջանաղապետությունը վերացնելու» խոստումները և հավատային, որ իրենցից յուրաքանչյուրն իսկապես 3 միլիոն վարչապետներից մեկն է, հետևաբար՝ ավելի լավ աշխատանք գտնելու կամ «բիզնես դնելու» իրական շանս ունի։ Նվաստացած ու հանկարծ սեփական արժանապատվությունը վերագտնելու հույս ստացած մարդիկ ի՞նչ իմանային, որ կարճ ժամանակ անց «բաջանաղապետության դեմ պայքարողի» ու նրա տիկնոջ ազգուտակը լցվելու է խորհրդարան ու պետական կառավարման համակարգ, եղբայրը դառնալու է բազմաթիվ ընկերությունների տնօրեն, քավորը՝ ոստիկանապետ, անգլերենի ուսուցիչը՝ նախարար, և այլն, իսկ իրենց մնալու է միայն «հեղափոխության առաջնորդի» հետ սելֆի անելն ու անհրաժեշտության դեպքում ծափ տալը՝ հիմնականում նախկին իշխանությունների «տասովշչիկների» հմուտ դիրիժորության ներքո։

Ամեն դեպքում՝ եթե չլիներ այդ համատարած և իսկապես համակարգային կոռուպցիան, եթե չլիներ այդ իրավական «բեսպրեդելը» (երբ, օրինակ, որևէ մարզպետի տան բակում կարող էին մարդ սպանել ու անպատիժ մնալ, կամ որևէ «Ռոդրիգես» կարող էր իրեն դուր չեկած ցանկացած մեկին խոշտանգել), «թավշյա, ոչ բռնի» խեղկատակությունը հաստատ տեղի չէր ունենա։ Խեղկատակության հեղինակներն էլ, օրինակ, չէին կարողանա կառավարական շարասյունով հղի կնոջը վրաերթի ենթարկել ու անգամ չտուգանվել։ Հասկանալի է, որ «հեղափոխականների» երազանքն ի սկզբանե հենց այդ կոռուպցիայի ու «բեսպրեդելի» պտուղները վայելելն էր, բայց ցանկացած երկրում էլ կգտնվեն նման հիվանդագին ձգտումներ ունեցող մի քանի տասնյակ սանկյուլոտներ։ Այլ հարց է, որ առանց անհրաժեշտ նախապայմանների այդպիսի խմբերն ի վիճակի չեն լինի իրականացնել իրենց «մանկության կապույտ երազանքը»։ 

Իսկ Հայաստանում, ցավոք, այդպիսի նախադրյալներ կային, «թավշիստներն» էլ ճիշտ զգացին պահը՝ այնպես, ինչպես գիշատիչն է ինչ-որ անհասկանալի բնազդով հեռվից հեռու զգում զոհի թուլությունն ու արյան հոտը։

Մարկ Նշանյան

Շարունակելի

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ