...

Նիկոլի հաջողության գաղտնիքները։ 1․ Սոցիալ-տնտեսական

Նիկոլի հաջողության գաղտնիքները։ 1․ Սոցիալ-տնտեսական

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանին հաջողվում պետության ու ժողովրդի գլխին այսքան աղետներ բերելուց հետո պահպանել իշխանությունը, քարոզչական ի՞նչ հնարքներով է ամեն անգամ կարողանում իր բերած հերթական աղետից հետո ջրից չոր դուրս գալ։ Ընդ որում՝ «հաջողություն» ասելով ամենևին էլ 2018-ի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» խեղկատակությունը նկատի չունենք․ վերջին հաշվով՝ ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակում «նախրի մեջ էշի ճակատը պաչելու» սխալից։ Բայց ինչպե՞ս է նրան հաջողվում պարբերաբար երկարաձգել «պաչվելու» գործընթացը, ի վերջո՝ ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը։

Որքան էլ տարօրինակ թվա, բայց իրականում նրա քարոզչական զինանոցն առանձնապես հարուստ չէ։ Մեծ հաշվով՝ բոլոր իրավիճակներում և բոլոր ոլորտներում նա կիրառում է նույն հնարքը․ ասում է ճիշտ բաներ և անում ուղիղ դրա հակառակը։ Հատուկ շեշտում ենք՝ բոլոր ոլորտներում։ Ու քանի որ ասված խոսքն ու կատարված քայլերը համադրելու կարողություն կամ զահլա չունեցող ընտրազանգվածը, որպես կանոն, «սիրում է ականջներով»՝ այդ հնարքը լավ էլ աշխատում է։ Իսկ որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի՝ ոլորտ առ ոլորտ կներկայացնենք, թե ինչպես է քարոզչական այդ տրյուկն աշխատում սոցիալ-տնտեսական դաշտում, ժողովրդավարության և մարդու իրավունքների տիրույթում, անվտանգության հարցերում, արտաքին քաղաքականության մեջ, և այլն։

Սկսենք սոցիալ-տնտեսական ոլորտից։ Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2018-ին։ Ասում էր, որ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ», ասում էր, որ «թալանը քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելու է», ասում էր, որ Հայաստանն այլևս չպիտի լինի «պադավատապետություն», ասում էր, որ արմատախիլ է անելու «բաջանաղապետությունը», ասում էր, որ ինքն ավելի շուտ իր ձեռքը կկտրի, քան կկոռումպացվի, և այլն։ Մի խոսքով՝ հարյուր տոկոսանոց ճշմարտություններ էր ասում, որովհետև ժողովուրդն իսկապես էլ «տուգանքի մատերիալ» էր, երկիրն էլ վերածվել էր «պադավատապետության» ու «բաջանաղապետության»։ Եվ վերջ, ժողովուրդը «սիրահարվեց», որովհետև մարդը ինչ ասում էր՝ ճիշտ էր ասում։

Կարճ ժամանակ անց, բնականաբար, «ամեն ինչ տեղն ընկավ»։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի թալան էլ չվերադարձրեց (կամ՝ վերադարձրեց այնտեղ, ուր միայն «Ինտերպոլն» ի վիճակի կլինի գտնել), թավշյա հեծանիվներին փոխարինեց համալրված ավտոպարկով «պադավատապետությունը», հնարավոր բոլոր «բաջանաղները», «քավոր-սանիկներն» ու «աներձագները» ատամները սրած մորեխների պես լցվեցին պետական կառավարման համակարգ, մարդկանց աչքի առաջ կոռուպցիան ծաղկում էր, իսկ ՔՊ-ական պաշտոնյաների թշերը՝ աճում գոմաղբով պարարտացված դդումի արագությամբ․․․ Բայց զուր չեն ասում՝ սերը կույր է։ Ամեն ինչ ականջներով ընկալող ու անհույս սիրահարված զանգվածը գերադասում էր ոչինչ չտեսնել, իսկ բոլոր այն դեպքերում, երբ չտեսնելն այլևս անհնար էր, արձագանքը լինում էր մոտավորապես այսպես՝ «Մարալի՜կ, Մարալի՜կ, պուճուր-քիփլիկ քաղաք ա, էլի»։ 

Մեծ հաշվով՝ հենց այս «հայտնագործությունը», որ փաստորեն կարելի է գեղեցիկ բառերով խաբել ժողովրդին ու գործնականում ինչ ասես անել, ոգևորեց Նիկոլ Փաշինյանին ու վստահություն ներշնչեց, որ իր համար «հանրային կարծիք» ասվածն այլևս որևէ նշանակություն չունի։ Որովհետև եթե կինը մեկ-երկու անգամ կարողանում է ամուսնուն դավաճանելուց հետո նրա ականջին մի քանի բառ շշնջալ («սիրում եմ քեզ, խոնարհվում եմ քո առաջ» և այլն) ու ներվել, դրանից հետո ի՞նչ նշանակություն ունի, թե հետագայում օրը քանի անգամ և ում հետ է դավաճանելու։ 

Մարկ Նշանյան

Շարունակելի

ՎԱՐԿԱՆԻՇ

   2429 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ