...

Պատրաստվեք, հաջորդ փուլում միջանցքներն է տալու

Պատրաստվեք, հաջորդ փուլում միջանցքներն է տալու

Այն, ինչ այս օրերին Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժայիններն իրականացնում են Կիրանցում, որևէ մեկի համար նորություն չպիտի լիներ։ Ի վերջո՝ երեք տարի առաջ ճիշտ նույն բանը տեղի է ունեցել Շուռնուխում, երբ գյուղի մի մասը «բանավոր պայմանավորվածությունների համաձայն» հանձնվեց Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանն էլ շատ կոպիտ ձևով հարձակվեց շուռնուխցի մի կնոջ վրա, թե «դո՛ւ չես որոշելու՝ որտեղով պիտի անցնի հայ-ադրբեջանական սահմանը»։ Հիմա բառացիորեն նույն բանը Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներին է ասում, հասարակությունն էլ շոկի մեջ է՝ «ո՞ւմ մտքով կանցներ»։

Մեր քաղաքական դաշտի և հասարակության հիմնական պրոբլեմներից մեկը հենց այն է, որ չենք կարողանում կամ չենք ցանկանում հաշվարկել իշխանությունների (ընդ որում՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի) հաջորդ քայլերը, մինչդեռ դրանք ոչ միայն լիովին կանխատեսելի են, այլև պատշաճ կերպով անոնսավորվում են։ Իսկ հաջորդ քայլերը կանխատեսելը շատ կարևոր է, եթե խնդիր կա կանխել դրանք։

Մեր իրավիճակում, օրինակ, գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ կարելի է հաշվարկել, որ «սահմանազատման» հաջորդ փուլով Նիկոլ Փաշինյանը հանձնելու է երեք էքսկլավները (Վերին Ոսկեպարի, Սոֆուլլու-Բարխուդարլուի և Տիգրանաշենի)։ Ընդ որում՝ այդ մասին հենց ինքն է հայտարարել։ Որովհետև «պարզաբանել է», թե ինչու է սահմանազատումը սկսվում հատկապես Տավուշից, ու ներկայացրել բացատրությունը՝ ի տարբերություն սահմանի մյուս հատվածների, այդ հատվածում բնակավայրեր են եղել։ Եթե տրամաբանությունը կամ սկզբունքը դա է, ապա հարց պիտի առաջանա՝ իսկ ուրիշ է՞լ որ հատվածներում կան «ոչ տիտղոսակիր երկրի վերահսկողության տակ գտնվող բնակավայրեր»։ Ճիշտ է, երեք էքսկլավներում և մի անկլավում (խոսքն Արծվաշենի մասին է)։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է հաջորդ փուլում վերադարձնել այդ երեք էքսկլավները՝ ՀՀ ինքնիշխան տարածքից զավթված մոտ 200 քկմ տարածքի վերադարձի հարցը թողնելով ապագային։ Ընդ որում՝ գործընթացը սկսվելու է շատ արագ, ենթադրաբար՝ մայիսի 15-ից անմիջապես հետո։ Եվ ի՞նչ, հիմա էլ Արարատյան թեմի առաջնո՞րդն է ղեկավարելու բողոքի ակցիաներն ու Երասխ-Տիգրանաշեն ճանապարհը փակելը։ 

Ուշադրություն դարձրեք՝ Նիկոլ Փաշինյանի համար էքսկլավների հանձնումը շատ ավելի բարդ է լինելու, որովհետև Ադրբեջանը ոչ միայն էքսկլավներն է պահանջելու, այլև դրանց հետ անխոչընդոտ ցամաքային կապը (Ալիևն այդպիսի պահանջ արդեն իսկ հնչեցրել է)։ Եվ ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանը։ Եթե այդպիսի «անխոչընդոտ կապ» չտրամադրի՝ իր իսկ տրամաբանությամբ, «ադրբեջանական ագրեսիայի լեգիտիմ հիմք» կստեղծի, իսկ եթե տրամադրի՝ հաջորդ փուլով Ադրբեջանը դա կներկայացնի որպես «հաջողված նախադեպ» ու նույնպիսի անխոչընդոտ կապ կպահանջի արդեն Նախիջևանի հետ՝ Սյունիքի տարածքով։ Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանի «քաղաքական կրեդոն» Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելն է (որպեսզի նոր ագրեսիայի չենթարկվենք), ապա ամենայն հավանականությամբ՝ նա ինչ-որ ձևակերպումներով Ադրբեջանին տրամադրելու է այդ «անխոչընդոտ կապերը» կամ պարզ ասած՝ միջանցքները։ Այսինքն՝ ոտնահարելու է ՀՀ Սահմանադրությունը։ 

Այ սրա՛ դեմ է պետք պայքարել, ընդ որում՝ արդեն այսօրվանից, որովհետև իրադարձություններն այդ ուղղությամբ են զարգանում։ Եվ ոչ թե «պոստֆակտում» պայքարել այն բնագծերի համար, որոնք արդեն իսկ ականազերծվել ու հանձնվել են։ Իսկ թե ինչպես պայքարել՝ կարծում ենք, հասկանալի պիտի լինի․ այնպես, ինչպես պայքարում են ցանկացած երկրում, որտեղ իշխանությունները բացահայտորեն ոտնահարում են Սահմանադրությունը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3928 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ