Ներկայացնում ենք դեռևս խորհրդային տարիներից Հայաստանի անկախության առաջամարտիկներ Հանրապետական կուսակցության առաջին նախագահ Աշոտ Նավասարդյանի և լեզվաբան, պրոֆեսոր Վարագ Առաքելյանի կարծիքները Վազգեն Մանուկյանի 1996 թվականի արկածախնդրության մասին։
«Իշխանատենչությունը մահացու մոլորություն է։ Այս մոլորությունը կարող է մարդուն մղել հանցագործության»,- ասում է պրոֆեսոր Վարագ Առաքելյանը և պարզվում է, որ մի «ռոմանտիկ» էլ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում սպանդ իրականացնողներին մի խումբ ռոմանտիկներ անվանող, 1996 թ. Ազգային ժողովի վրա հարձակում կազմակերպած Վազգեն Մանուկյանն է։
Աշոտ Նավասարդյան, Հանրապետական կուսակցության նախագահ.
Ամենայն ուշադրությամբ հետևելով Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքին, վերջապես ուրախություն ունեցա տեղեկանալու, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը իր ձայնը տվել է Ձեզ՝ իր վստահությունն ու հավատն արտահայտելով Ձեր վարած ու վարելիք քաղաքականությանը։
Միաժամանակ ինձ ցնցեց մի խումբ արկածախնդիրների կազմակերպած ծայրահեղական գործողությունը, որը գնահատում եմ իբրև պետական հեղաշրջման փորձ։ Վստահ եմ, այդ վանդալիզմը չի շեղի հայ ժողովրդին բնականոն զարգացման ընթացքից, մենք Ձեր ղեկավարությամբ դուրս կբերենք մեր երկիրը դեպի բարգավաճ ու ապահով ապագա։
Մեծարգո պարոն Տեր-Պետրոսյան, հույսով և հավատով շնորհավորում եմ Ձեզ և հայտնում պատրաստակամությունս աջակից լինելու Ձեր բոլոր ձեռնարկումներին։
Սիրով՝ Աշոտ Նավասարդյան, 26 սեպտեմբերի 1996թ., ԳՖՀ, Բավարիա, Գարմիշ-Պարտենկիրխեն, Ջորջ Մարշալի անվան ռազմավարական հետազոտությունների կենտրոն։
«Հայք», 01.10.1996թ.
Վարագ Առաքելյան, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր.
- Իշխանատենչությունը մահացու մոլորություն է։ Այս մոլորությունը կարող է մարդուն մղել հանցագործության։ Այդ բանը մենք տեսանք Ադրբեջանում, Վրաստանում, տեսնում ենք Աֆղանստանում, Տաջիկստանում և այլուր։ Այժմ էլ, ի դժբախտություն մեզ, կատարվեց մեր բազմաչարչար երկրում՝ Հայաստանում։ Մենք ամբողջ վեց տարի խուսափեցինք բոլոր կարգի ցնցումներից։ Հրապարակավ պարծենում էինք մեր կայունությամբ, միասնությամբ, օրենքի մեր հարգությամբ։ Բայց պատահեց անսպասելին։ Իրոք, անսպասելի էր։ Հայ մարդը ամբոխին գցած հետևից հարձակվում է վեց տարի իր հետ աշխատող հայ ընկերների վրա և ամբոխին հրահրում է, որ իր ընկերների հետ Լինչի դատաստան անեն։ Այս ամոթաբեր արարքը, սրան նախորդող՝ խորհրդարանի շենքի երկաթե դարպասների խորտակումը և այլ խժդժություններ վարկաբեկում են մեր հեղինակավոր հանրապետությունը միջազգային համայնքի աչքում։ Սա ես համարում եմ պետության դեմ գործված հանցագործություն։ Մեր հանրապետությունը վերջ ի վերջո իր ծաղկումով, բարգավաճությամբ և մեծահոգությամբ իր վրայից դեն կնետի այդ ամոթաբեր անարգանքը, բայց արարքի հեղինակները հավիտենապես դարձան քաղաքական ննջեցյալներ ինքնասպանության ճանապարհով։
«Երեկոյան Երևան», 02.10.1996թ.