«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ վատացել են Հովիկ Աբրահամյանի և նրա նախկին վարորդ Գրիգոր Գևորգյանի՝ Գոքորի հարաբերությունները: Վերջերս պաշտոնավարման բոլոր փուլերում Հովիկ Աբրահամյանի աջ ձեռքը համարվող Գոքորն ուղղակի ըմբոստացել է և նախկին շեֆին ասել, որ ինչ ձևով ուզում է իրեն զերծ պահի տարբեր հարցաքննություններից, քանի որ իրավապահ մարմինները Հովիկ Աբրահամյանի գործունեության հետ կապված հետաքրքրվում են նաև իրենով: Խոսքը վերաբերում է Աբրահամյանի ունեցվածքին, որը գրանցված է եղել նրա վարորդի անունով:
Ի պատասխան, Աբրահամյանը իր նախկին վարորդին հիշեցրել է, որ իր՝ տարբեր պաշտոններում եղած տարիներին Գոքորը ևս անմասն չի մնացել բարիքներից, ռեստորանների տեր է դարձել, երշիկի արտադրամաս հիմնել, Արտաշատում կահույքի սրահներ է բացել, իր դստերը մանկապարտեզի տնօրեն է կարգել հարազատ Մրգավետ գյուղում և նմանատիպ այլ բաներ: Մի խոսքով, զայրացած Աբրահամյանը, որը Գոքորին համարում էր իր ամենահավատարիմ մարդը, տարաբնույթ գործնական ու բիզնես հանդիպումների միջնորդը, հորդորել է, որ «հանգիստ վեր ընկնի տեղը»: