ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանում լրատվամիջոցների դեմ ճնշումներին և սահմանափակումներին, ասել է. «Արդյո՞ք Անգլիայում` ժողովրդավարության այդ բաստիոնում, լրագրողը կարող է հայտնվել պատգամավորի գրասենյակում, կամ հետապնդել նրան միջանցքում: Սա բացառված է: Նման բան չկա ոչ մի երկրում: Այն, ինչ դուք նկարագրում եք, գրեթե ոչ մի այլ տեղ աշխարհում չկա: Այն երկրներում, որոնք ավելի փակ են, լրագրողներին ընդհանրապես չեն թողնում խորհրդարանի շեմին:
Այո, նրանք չեն կարողանա մտնել պատգամավորի գրասենյակ, միջանցքով վազել պատգամավորների հետևից, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է ինչպես լրագրողի, այնպես էլ պատգամավորի նկատմամբ»:
Բա, Ալեն Սիմոնյանի մեջ հանկարծ արժանապատվություն է արթնացել, պարզվում է, որ մինչև հիմա լրագրողները ստորացրել են պատգամավորներին՝ նրանց հետևից վազելով: Աշխարհում տենց բան չկա:
Մեզ մնում է միայն Ալեն Սիմոնյանին հիշեցնել, որ կային ժամանակներ, երբ լրագրողներին թույլատրվում էր ԱԺ-ի նիստերը լուսաբանել հենց նիստերի դահլիճից, լուսա և տեսանկարահանումներ անել: Լրագրողները հանգիստ կարող էին մոտենալ առաջին շարքերում նստած նախարարներին, նկարել, հեռանալ: Ոչ ոք բան չէր ասում:
Հետո արդեն լրագրողների համար հատուկ օթյակներ պատրաստեցին և մուտքը վերանորոգված նիստերի դահլիճ արգելվեց, ինչն այնքան էլ դժգոհություն չառաջացրեց, որովհետև նիստերի դահլիճը լրագրողների աչքի առջև էր, ամեն ինչ երևում էր:
Բայց ահա միջանցքներում պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու, ճեպազրույցներ և հարցազրույցներ անելու հետ կապված ոչ մի խնդիր չկար: Նիստերից հետո պատգամավորները, նախարարները դուրս էին գալիս միջանցքներ, ու շատ հաճախ հենց իրենք էին մոտենում լրագրողներին՝ ճեպազրույցներ տալիս: Հիմա որ Ալեն Սիմոնյանն ասում է՝ լավ չի, որ լրագրողները հետապնդում են պատգամավորներին, դա նրանից է, որ առաջին հերթին իշխանական պատգամավորները արդեն իրենց բիրդան աղաներ են զգում, «պալոժ» չեն համարում պատասխանել լրագրողների հարցերին, այնպես էլ սենց փքված, իրենցից գոհ, կարևոր մարդու տեսքով, արհամարհական դեմքերով անցնում են լրագրողների կողքով. յանի, աշխարհի կենտրոնն ենք:
Մինչդեռ 2000-ականներին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, եթե խորհրդարանում էր լինում, միշտ պատասխանում էր լրագրողների հարցերին: Իր վարչապետ հալով: ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը, որը դե-ֆակտո երկրի երկրորդ դեմքն էր, դուրս էր գալիս դահլիճից, չէր փախչում, մոտենում էինք, հարցեր էինք տալիս, մարդը պատասխանում էր, ընդ որում՝ իմանալով, որ հարց տվողների մեջ են նաև ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներ, որոնք իրեն պարբերաբար քննադատում են, երբեմն՝ շատ սուր: Չէր ասում՝ չէ, ես քեզ չեմ պատասխանի, իմ մասին էս ու էս եք գրել: Չկար նման բան: Որևէ սահմանափակում չկար: Բոլոր նախարարներն էլ պատրաստակամ էին պատասխանել լրագրողների հարցերին, խոսել իմացող պատգամավորները չէին վազում, մտնում իրենց աշխատասենյակները: Էդ ի՞նչ է, Անդրանիկ Մարգարյանը, Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը ստորացվո՞ւմ էին, որ լրագրողները մոտենում էին նրանց: Նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմո՞ւնք էր ցուցաբերվում:
Այնպես որ, Ալեն Սիմոնյանը, այսինքն՝ իշխանությունները, թող հիմա գյուտ չանեն: Անգլիա են հիշել: Մենք էլ ձեզ ցույց ենք տալիս, որ Հայաստանում էլ այսպես է եղել: Որ ընդդիմադիր էիք, լրագրողների գործունեությունը խորհրդարանում ձեզ չէր խանգարում, չէ՞: Հռոմի Պապից ավելի կաթոլիկ դարձան: