...

«Խաղաղության դարաշրջանն» ու «հայի հետին խելքը»

«Խաղաղության դարաշրջանն» ու «հայի հետին խելքը»

Հայտնի պատմություն է, որ 2016-ի քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ ու փորձել նրանց համոզել համաձայնվել 7 շրջանների վերադարձին, հակառակ դեպքում հետագայում ոչ թե «Ղարս-Ղարս», այլ «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» են երգելու։ Ըստ էության՝ սա «հայի հետին խելքի» մասին հերթական պատմությունն է, ու միայն ափսոսալ կարելի է, որ ներկաներից որևէ մեկը չի հետաքրքրվել, թե հատկապես ի՞նչն է փոխվել, որ 1997-ին 5 շրջան վերադարձնելը դավաճանություն համարողը 2016-ին 7 շրջան վերադարձնելը միակ ճիշտ լուծումն է համարում, և հատկապես ո՞ր պահին է տեղի ունեցել այդ «մտքի փայլատակումը»։ 

Մեծ հաշվով՝ «հայի հետին խելք» ասվածը իրավիճակը ճիշտ չգնահատելու և պարզ բաներն ուշ հասկանալու մասին է։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը։ Դևը բռնում է տարբեր ազգերի ներկայացուցիչների ու պայման դնում՝ կամ պիտի ճիպոտի 100 հարված ստանան, կամ 100 գունդ թրիք ուտեն, կամ 100 դոլար վճարեն։ Մնացածը հասկանալի է․ բոլորը 100 դոլար են վճարում, իսկ հայը նախ ճիպոտի հարվածներ է ստանում, բայց կեսից չի դիմանում, սկսում է թրիք ուտել, հետո էլի կեսից չի դիմանում, սուսուփուս վճարում է 100 դոլարն ու գնում։ Տհաճ անեկդոտ է, իհարկե, բայց բավականին ճշգրտորեն է ներկայացնում վերջին 25 տարիների հայաստանյան «քաղաքական էլիտայի» գործունեության տրամաբանությունը։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, թե «երկու տարի անց Հայաստանը բավականին լավ բանակցում է, և կարելի է շատ երկար նշել միջազգային ասպարեզում մեր դիվանագիտական հաղթանակները»։ Սա արդեն անեկդոտ չէ, նա իսկապես նման բան ասել է։ Այսինքն՝ Հայաստանն իբր ոչ միայն դիվանագիտական հաղթանակներ ունի, այլև դրանք այնքան շատ են, որ կարելի է երկար թվարկել։ Բայց հայտարարության մեխը «երկու տարի անց» արտահայտությունն է։ Փաստորեն պատերազմից երկու տարի անց իշխանությունները սովորել են բանակցել, խելոքացել են ու վերջապես հասկացել, որ կարևորը ոչ թե ինչ-որ թուղթ ստորագրելն է, այլ այն, որ այդ «թուղթը» լուրջ երաշխիքներ ունենա։ Ո՞ւմ մտքով կանցներ։ 

Արա Սահակյանն էլ հայտարարել է, թե ընդդիմության փողոցային պայքարի շնորհիվ իշխանությունները 180 աստիճանով փոխել են իրենց արտաքին քաղաքականությունը, խելքի են եկել, դարձել են ավելի հայրենասեր ու սկսել են պաշտպանել Արցախն ու Հայաստանի սահմանները։ Ահա այդպես։ Մի խոսքով՝ ընդդիմության շնորհիվ ոչ թե լաոն է արթնացել, այլ Նիկոլ Փաշինյանի «հետին խելքը», ու նա երկու տարի շարունակ հանուն «խաղաղության դարաշրջանի» ցանկացած զիջման գնալուց հետո հանկարծ հասկացել է, որ «արանքում» պետք է նաև Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանել, իսկ «բարեկիրթ հարևանի» գրավոր կամ բանավոր խոստումների փոխարեն՝ միջազգային երաշխիքներ պահանջել։ Պարզապես զուր տեղը ծախսված երկու տարիները, հարյուրավոր նոր զոհերն ու կորսված տարածքներն էին ափսոս։ 

Իրականում, իհարկե, ոչ 1997-ին «սխալված» Սերժ Սարգսյանն է 2016-ին «խելոքացել», ոչ էլ 2020-ի նոյեմբերից «խաղաղության դարաշրջանով» ոգևորված Նիկոլ Փաշինյանը՝ 2022-ին «ձերբազատվել պատրանքներից»։ Երկու դեպքում էլ նրանք ի սկզբանե հասկանում էին, թե դեպի ուր են տանում երկիրը, պարզապես իրենք իրենց չհասկացողի տեղ դնելը ձեռնտու էր։ Իսկ «հայի հետին խելքն» առավելապես հասարակությանն է վերաբերում։ Մենք չափազանց ուշ ենք հասկանում, որ իշխանությունները հանուն սեփական շահերի մեզ պարզապես խաբել են, իսկ «մենք նույնպես խաբված էինք»-ն ընդամենը պարզունակ արդարացում է։ 

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ