...

Հիմա էլ հրավիրում են Մեղրիում միասին նուռ ուտելո՞ւ

Հիմա էլ հրավիրում են Մեղրիում միասին նուռ ուտելո՞ւ

Աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանություններն առանձնապես դեմ չեն լինի, եթե Ադրբեջանը փորձի ուժով բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Ճիշտ այնպես, ինչպես մի քանի ամիս առաջ դեմ չէին, որ ուժով հայաթափի Արցախը։ Որովհետև այն ժամանակ հայկական Արցախի գոյությունն էին համարում «խաղաղության դարաշրջանի» խոչընդոտ, հիմա՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցի չլուծված լինելը։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ ոչ թե ինքը տա, այլ իրենից ուժով վերցնեն, որպեսզի «իրեն չասեն դավաճան»։ 

Այս օպերացիան ենթադրում է նաև, որ իշխանությունները պիտի նախապես որոշեն, թե ապագայում ում են մեղավոր հռչակելու, և արդեն այսօրվանից այդ ուղղությամբ քարոզչական նախապատրաստություն իրականացնեն։ Արցախի հայաթափման դեպքում դա համեմատաբար հեշտ էր․ կարելի էր «մեղավոր» հռչակել նախկիններին՝ հայտարարելով, թե իբր նրանք դեռևս 1991-ին էին ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Բայց նույն հնարքը Սյունիքի դեպքում կիրառելն այնքան էլ հեշտ չի լինի։ Ի՞նչ անել։

Եվ ահա նիկոլական իշխանությունները նոր տրյուկ են մշակում։ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե Ադրբեջանն այսօր «հայելային ձևով» ասում է այն, ինչ 30 տարի շարունակ Հայաստանն էր ասում՝ «գնալու ենք Բաքվում թեյ խմենք», և այլն։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա միայն հռետորաբանությանն է վերաբերում, բայց իրականում սա շատ ավելի լուրջ և ծանրակշիռ աջակցություն է Ադրբեջանին։ Որովհետև արդարացնում է Ադրբեջանի ոչ միայն ագրեսիվ պահանջները, այլև կոնկրետ գործողությունները, օրինակ՝ ՀՀ ինքնիշխան տարածքից մոտ 250 քկմ զավթելը։ Ավելին՝ եթե վաղը Ադրբեջանը հարձակվի և փորձի գրավել Սյունիքը, նույն Ալեն Սիմոնյանը կամ նրա շեֆը կարող են հայտարարել, թե «դե հա, նրանք հայելային ձևով անում են այն, ինչ մենք ենք արել, մենք էլ 7 շրջան էինք գրավել ու 27 տարի շարունակ չէինք վերադարձնում»։ Ու կստացվի, որ Սյունիքի գրավման մեղավորը ոչ թե ագրեսիվ Ադրբեջանն է, այլ Հայաստանի նախկին իշխանությունները, որոնք ժամանակին «հանցավոր եղանակով» ճիշտ նույնպիսի ագրեսիա էին իրականացրել Ադրբեջանի նկատմամբ։ 

Ի դեպ՝ արցախյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանն ագրեսոր չճանաչվեց, որովհետև պաշտոնապես այդ պատերազմը ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև էր, ՄԱԿ ԱԽ հայտնի բանաձևերով էլ ոչ թե Հայաստանին էր կոչ արվում զորքերը դուրս բերել գրավյալ տարածքներից, այլ «տեղական հայկական ուժերին»։ Ուրիշ բան, որ հետագայում Քոչարյանը, հանուն սեփական ամբիցիաների, Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից ու սկսեց ի թիվս այլ հարցերի բանակցել նաև այդ շրջանների վերադարձի թեմաներով (թեև պաշտոնապես այդ շրջանները ոչ թե Հայաստանն էր գրավել, այլ ԼՂՀ-ն, հետևաբար՝ Հայաստանի նախագահն այդպիսի իրավասություն չպիտի ունենար), Նիկոլ Փաշինյանն էլ 2020-ի նոյեմբերի 9-ին վերջնականապես «պեչատեց» դա՝ որպես ՀՀ վարչապետ պարտավորվելով զորքերը դուրս բերել այդ շրջաններից ու դրանով իսկ ընդունելով, որ այդ տարածքներում ՀՀ զինված ուժերն էին կանգնած։ 

Ու այդքանից հետո հիմա Ադրբեջանի գործողությունները «հայելային» որակելը նշանակում է համարյա բաց տեքստով հրավիրել նոր հարձակման ու նախապես խոստանալ, թե «մի անհանգստացեք, մենք, իհարկե, մի քիչ կկռվենք, մի քիչ աղմուկ կբարձրացնենք, բայց ընդհանուր առմամբ՝ ըմբռնումով կմոտենանք, չէ՞ որ ժամանակին նույնն էլ մենք ենք արել։ Իսկ հետո համատեղ ուժերով կատարվածի համար մեղավոր կհռչակենք ՀՀ նախկին ագրեսոր իշխանություններին, որպեսզի ոչ դուք անհարմար վիճակի մեջ հայտնվեք, ոչ Նիկոլը»։

Երևի հենց սա նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, թե «տարածաշրջանում պիտի դիրքավորվենք որպես հարևան ու գործընկեր»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   807 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ