Նաիրա Զոհրաբյանը մի երկարաշունչ գրառում է արել, որտեղ պատմել է, թե իշխանություններն իր դեմ դավեր են նյութում, բայց ինքը չի վախենում և պայքարելու է մինչև վերջ: Ներկայացնենք բոցաշունչ գրառման մի հատված. «Հա, գիտեմ, որ խնդիր եք դրել նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից էլ հանեք։ Գիտեք, ես կարող եմ ցանկացած պահի ինքս վայր դնել հանձնաժողովի նախագահի լիազորությունն ու որպես պատգամավոր շատ ավելի ազատ կլինեմ, բայց սկզբունքորեն չեմ անելու։ Սպասելու եմ, որ դա դուք անեք ու հետո նայելու եմ ձեր միջի էն մի քանի պարկեշտ մարդկանց աչքերին, ովքեր կատարելու են, պարզապես չեն կարող չկատարել բոլոր նողկալի հրահանգները»։
«ՉԻ». Կարելի է շատ բան ասել, ներկայացնել, թե ԲՀԿ-ում առյուծների քանակը մեկից շատ է, բայց դրանից փաստերը չեն անհետանա:
Նաիրա Զոհրաբյանը չհերքեց, որ նամակ է գրել Ծառուկյանին, որով պարտավորվել է հակառակ չգնալ նրա շահերին ու կամքին, նրա համար խնդիրներ չստեղծել և այդ ամենը հաստատել է դստեր անունով երդվելով:
Դրանից հետո, Նաիրա Զոհրաբյանը ինքը պետք է հրաժարական տար Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ ներողություն խնդրելով հասարակությունից, որ զբաղեցրել է մի պաշտոն, որն անհամատեղելի է իր կամային հատկանիշների հետ: Ինչպես կարող է նա պաշտպանել մարդկանց իրավունքները, եթե չի կարողացել պաշտպանել անգամ իր իրավունքները:
Ինչպես է Զոհրաբյանը վաղը հակադարձելու ԵԽԽՎ որևէ պատգամավորի, երբ վերջինս նրան հիշեցնի կենսագրության ամոթալի այդ դրվագը: Այնտեղ միայն կծիծաղեն, եթե Զոհրաբյանը փորձի նույն կերպ պաշտպանվել, ինչպես պաշտպանվում է այդ գրառման մեջ:
Տիկին Զոհրաբյանը ճիշտ կանի ոչ միայն հրաժարական տա հանձնաժողովի նախագահի պաշտոնից, այլ նաև վայր դնի մանդատը և փակի այն էջը, որով պարտավորվել է կատարել Ծառուկյանի բոլոր հրահանգները: Հուսով ենք, որ դրանք միայն նողկալի չեն եղել, հաճելի հանձնարարություններ էլ են եղել: