...

Ի՞նչ հավաստիացումներ են տվել Նիկոլ Փաշինյանին

Ի՞նչ հավաստիացումներ են տվել Նիկոլ Փաշինյանին

Հնարավո՞ր է արդյոք, որ նույն մարդն առավոտյան ժամը 11-ին թշնամի երկրին մեղադրի էթնիկ զտման ու ցեղասպան քաղաքականություն իրականացնելու մեջ, հայտարարի, թե այդ երկրի ղեկավարը «բացահայտ ու բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները ու համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու», իսկ 6 ժամ անց՝ ժամը 17-ին հայտարարի, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, նոր էսկալացիա չի լինելու»։ 

Հնարավոր է, եթե Նիկոլ Փաշինյանի երկու իրարամերժ հայտարարությունների միջև ընկած 6 ժամերի ընթացքում ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցած լինեն։ Օրինակ՝ այդ ընթացքում Ալիևը զանգի և ասի «Նիկոլ Վովաևիչ, ի՞նչ էթնիկ զտումներ, ի՞նչ ցեղասպան քաղաքականություն, ի՞նչ Արևմտյան Ադրբեջան, հորըս արև՝ շուլուխ եմ արել, արի խաղաղության պայմանագիրը ստորագրենք-պրծնենք», կամ, ասենք, այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը «պերերիվ» արած լինի Իջևանից ուղարկած տնական բարիքներով ու դրանց ազդեցության տակ էլ Թվիթերում գրառում անի՝ «ապագա կա ապագա» ոճով․․․ 

Իսկ եթե ավելի լուրջ, ապա հաստատաբար պնդել, որ «նոր էսկալացիա չի լինելու» կարող է միայն այն կողմը, որն անընդհատ հրահրում է այդ էսկալացիան ու սպառնում լայնամասշտաբ պատերազմով, այսինքն՝ Ադրբեջանը։ Իսկ եթե նման բան պնդում է Հայաստանի ղեկավարը, նշանակում է՝ կամ նա այդպիսի հավաստիացում է ստացել Ադրբեջանից, կամ արդեն իսկ որոշում է կայացրել կատարել Ադրբեջանի առաջ քաշած բոլոր պահանջները և վստահ է, որ դրանով իսկ փակելու է նոր էսկալացիայի թեման։ Ընդ որում՝ այդ պահանջները հայտնի են։ Ադրբեջանն ուզում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա իրականացնել «իր պայմաններով» (ենթադրաբար՝ նաև «պատմական քարտեզների» հիման վրա), ինչն ավելի վաղ Ալիևը ձևակերպել էր շատ հստակ՝ «մեր զորքը կկանգնի այնտեղ, որտեղ հարմար կգտնի», ու պնդում է, որ «խաղաղության պայմանագրում» ներառվի նաև «ադրբեջանցի փախստականների վերադարձը ՀՀ տարածք» և նրանց անվտանգության ապահովումը։

Հիմա հարց՝ երբ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «խաղաղության պայմանագիր լինելու է», ի՞նչ նկատի ունի։ Չէ՞ որ հենց ինքն էր բոլոր առիթներով հայտարարում, թե խաղաղությունը միայն հայկական կողմի կամքից չի կախված։ Հիմա ի՞նչ, Հայաստանի համա՞ր են Ադրբեջանի պահանջները դարձել միանգամայն ընդունելի, թե՞ Ադրբեջանն է հրաժարվել դրանցից։ Ցավոք՝ առաջին տարբերակն ավելի հավանական է, որովհետև Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում իր պահանջներից, այլև բառացիորեն ժամ առ ժամ նոր պահանջներ է առաջ քաշում։ Կամ էլ՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումն ընդհանրապես ոչինչ չի նշանակում․ մարդը պարապ էր մնացել՝ որոշել էր ինչ-որ պոզիտիվ բան գրել, ի՞նչ եք «բոլոլա սարքել»։ Ուրիշ բան, եթե առաջիկա օրերին նման մի «պոզիտիվ գրառում» էլ Ալիևն անի ու հայտարարի, թե «խաղաղության համաձայնագիր լինելու է՝ հիմնված բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա, իսկ նոր էսկալացիա չի լինելու»։ Իսկ եթե նման բան տեղի չունենա՝ դա կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը հերթական անգամ միակողմանիորեն «իջեցնում է նշաձողը»։ Հույս ունենալով, որ միջազգային հանրությունը դրա համար կշոյի իր գլուխը, կթփթփացնի ուսին, կամ, ինչպես ինքն է ձևակերպում, «վճռականորեն կաջակցի այդ նարատիվին»։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1009 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ