...

Ինչո՞ւ Ռուսաստանը չի միջամտում

Ինչո՞ւ Ռուսաստանը չի միջամտում

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով անցած գիշեր ադրբեջանական զինվորների կողմից Հայաստանի տարածքում հայ զինծառայողների գերեվարմանը, ասել է. «Այսօր վեց հայ զինծառայողների գերեվարումը ես կապում եմ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային Ժողովում արած հայտարարությունների հետ։ Նա անուղղակիրոեն մեղադրեց ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի համար։ Ադրբեջանը, նկատելով, որ այդ հարաբերություններում կա ճեղք, խնդիր, օգտվեց այդ առիթից, որպեսզի այդ ճեղքն ավելի խորացնի»:

Նախ, տեսնենք, թե խորհրդարանում ինչ էր ասել Փաշինյանը: Մեջբերենք. «Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ նախնական մտահղացումը, որը, իմ կարծիքով, Ադրբեջանն ունի, այս պահի դրությամբ, չեզոքացված չեմ համարում: Այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն: Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում: Այս հարցերում պետք է հստակություն մտցվի»:

Չենք կարող ասել, թե Փաշինյանի այս հայտարարությունները կամ ՀԱՊԿ-ի ուղղությամբ «բոչկա» գլորելը որքանով կապ ունեն մեր զինվորների գերեվարման հետ, բայց փաստ է՝ Փաշինյանը այս իրավիճակի համար դժգոհ է ՀԱՊԿ-ից: Բայց սա խոսում է ոչ թե ՀԱՊԿ-ի վատ գործունեության մասին, այլ նրա, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները բերել, հասցրել են մի վիճակի, երբ ռուսները պարզապես երես են թեքել Հայաստանից կամ Հայաստանի իշխանություններից: Պատճառները մի քանի անգամ նշել ենք. էն, որ իշխանական քարոզիչները, վերլուծաբան կոչվողները, տակից, այսպես՝ «գյոզերով» կամ բացահայտ հակառուսական քարոզչություն են տանում, Արցախյան պատերազմում պարտության մեղքը պարբերաբար ռուսների վրա են գցում, միայն այս հանգամանքն արդեն չի կարող չազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Որովհետև դրանով դու քո գործընկերոջ հանդեպ անվստահություն ես սերմանում: Նա էլ սկսում է քեզ չվստահել:

Բայց սա այն նույն Ռուսաստանն է, որը 1992թ. մայիսի վերջերին Նախիջևանի սահմանին տեղ գտած միջադեպից հետո, երբ Թուրքիան կոշտ հայտարարություն արեց ու սպառնաց միջամտել, ԱՊՀ Զինված Ուժերի հրամանատար Եվգենի Շապոշնիկովը Թուրքիային երրորդ համաշխարհայինով սպառնաց: Այդ ո՞նց է լինում, որ մի դեպքում Ռուսաստանը իր ԶՈւ հրամանատարի շուրթերով այսպիսի հայտարարություն է անում, որից հետո Թուրքիան ձենը կտրում է, իսկ այս դեպքում՝ զանգում ես ՀԱՊԿ, ասում են՝ տանը մարդ չկա: Ընդհանուր, թեթևի մեջ ինչ-որ հայտարարություններ են արվում այնտեղից, բայց մատը մատին խփող չկա: Նշանակում է, խնդիրն այնուամենայնիվ ռուսների մեջ չէ, այլ մեր: 

Ցանկացած իրավիճակից ելք կա, բայց դրա համար պետք է այնպես գործել, որ քեզ հարգեն, վստահեն, անհրաժեշտության դեպքում՝ օգնության ձեռք մեկնեն: Ոչ մի բան չեք արել, մի բան էլ հակառակն եք անում, հետո հայտարարում՝ ՀԱՊԿ-ից դժգոհ ենք: Որ այդպես է, ՀԱՊԿ-ն էլ ձեզանից է դժգոհ: Վերջ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1208 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ