...

Ռուսաստանի և երրորդ համաշխարհային պատերազմի մասին

Ռուսաստանի և երրորդ համաշխարհային պատերազմի մասին

Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից հետո այսօր իշխանական շրջանակներին հարող որոշ դեմքեր գրել էին, որ պետք է դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ գործ ունենք ՀԱՊԿ-ի անդամ երկրի նկատմամբ ագրեսիայի փաստի հետ:

Հաղորդվեց, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին: Բայց պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու սպառնալիքի) հոդվածով: Համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի, ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել Հայաստանին աջակցելու ուղղությամբ:

Իսկ ահա Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում օգնություն չի խնդրել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած իրադրության առնչությամբ: 

Նախ, ՀԱՊԿ-ի մասին: Հայաստանից բացի ովքե՞ր են այս կառույցի անդամները: Բելառուսը, որը Ադրբեջանի տնտեսական և ռազմատեխնիկական գործընկերն է, Ղազախստանը, որը եղբայրական Ադրբեջանի հետ լինելով թյուրքալեզու, հազար ու մի նավթագազային գործերով կապված է նրա հետ, Ղրղզստանն ու Տաջիկստանը, որոնք թյուրքալեզու են կամ մահմեդական, գումարած՝ իրար միս են ուտում ու մեր զահլան չունեն: Այսինքն՝ հաստատ այս երկրները որևէ կերպ միջամտողը չեն:

Մնում է Ռուսաստանը: Իհարկե, մեծ հաշվով հասկանալի է, որ երբ ասում ենք ՀԱՊԿ, հասկանում ենք՝ Ռուսաստան: Ռուսաստանն այս պահին խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում: Խնդիր ունի Ադրբեջանի նկատմամբ ազդեցությունը պահպանել կամ մեծացնել: Ռուսաստանը Ադրբեջանի ռազմատնտեսական և տնտեսական խոշոր գործընկերն է: Եվ հիմա հարց է առաջանում. հանուն ինչի՞ պետք է Ռուսաստանը միջամտի Սյունիքի դեպքերին և փչացնի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ինչի՞ համար գլխացավանքների մեջ ընկնել:

Եկեք պարզ ասենք. Ռուսաստանը այնքան էլ չի վստահում Նիկոլ Փաշինյանին: Կամ մի քիչ ուրիշ ձև ասենք. Նիկոլ Փաշինյանը վստահություն չի ներշնչում ռուսների մոտ: Եթե իշխանական քարոզիչները, հայտնի վերլուծագանգերը անընդհատ Ռուսաստանի դեմ են արտահայտվում, նրան մեղադրում դավաճանության, ստորության, և այլ մեղքերի մեջ, հակառուսական տրամադրություններ են գեներացնում հանրության շրջանում, Ռուսաստանի արձագանքն ու վերաբերմունքն էլ պետք է համարժեք լինեն: Տեսնում են, չէ՞, թե ում հետ գործ ունեն, ինչի՞ պետք է աջակցեն այս իշխանություններին: Այո, իրենք այսօր Հայաստանը դիտարկում են այս իշխանությունների պրիզմայով: 

Սա գրում ենք հանրության համար, որ գիտակցեն, թե ինչի մեջ ենք հայտնվել, ինչ վտանգներ են մեզ սպառնում, ինչի արդյունք են դրանք, ինչի ենք հասել այս վիճակին: Որ գործընկերների, դաշնակիցների հետ խելքով պետք է աշխատել, ոչ թե շուստրիությամբ: 1992 թվականին ռուս մարշալ Շապոշնիկովը երրորդ համաշխարհայինով սպառնաց Թուրքիային, եթե հանկարծ համարձակվեր միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը: Որովհետև հանձինս Հայաստանի իշխանությունների, հուսալի և վստահելի գործընկեր ունեին: Կասի՞ նման բան Սերգեյ Շոյգուն: Պատասխանն ակնհայտ է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1021 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ