...

Ինչու ենք փոխում, ինչ ենք փոխում և ինչպես

Ինչու ենք փոխում, ինչ ենք փոխում և ինչպես

«Նրանց, ովքեր անհանգստացած են հանրակրթության փոփոխության հեռանկարով, հարկ կա երևի թե հիշեցնել, թե ինչ կործանարար արդյունք ունենք այն հանրակրթությամբ, որի փոփոխությունն է մեզ կործանարար թվում...»,- գրում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և վկայակոչում Նարեկ Մանուկյանի հետազոտական հոդվածում (2020, փետրվար) նշված փաստերը: (https://www.aravot.am/2020/08/09/1128441/) Խոստովանենք՝ փաստերն առնվազն մտահոգիչ են: Տիկին փոխնախարարը նաև հիշեցնում է. «2019 թ. Հայաստանում բուհ դիմորդների մոտ 20%-ը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը։ Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թթ. հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54,6%-ը: Ցուցանիշները խոսում են հայոց լեզվի թույլ իմացության կամ առհասարակ չիմացության մասին»։ Ահա, ուրեմն մեր երեխաներից շատերը հայոց լեզու չգիտեն: Մեր երեխաներից շատերը թերուս են: Սակայն կրթության, ի մասնավորի՝ հանրակրթության ոլորտում մենք բարեփոխումներ արդեն տեսել ենք, տեսել ենք նոր դասագրքեր, դասագրքերի մրցույթներ: Տեսել ենք: Սակայն արդյունքը սա է: Հիշեցնեմ բարեփոխումներից մեկը: Սերգո Երիցյանի նախարարության օրոք դպրոցներն օպտիմալացվեցին: Կրթության այն ժամանակվա կառավարիչները համարեցին, որ ուսուցիչները շատ են, պետք է կրճատել նրանց քանակը: Բնականաբար, այդ նպատակին հասնելու համար խոշորացրին դասարանները: Քսան-քսանհինգ աշակերտ ունեցող դասարանները փոխարինվեցին 35 և ավելի աշակերտ ունեցողներով:(Հարցրե՛ք ցանկացած մանկավարժի՝ երբ է դասն ավելի արդյունավետ, որ խմբում կամ դասարանում՝ մեծաքանա՞կ, թե՞ հակառակը: Պատասխանն ակնհայտ է): Հասարակությունը մի քիչ աղմկեց և համակերպվեց: Շատ ուսուցիչներ մնացին անգործ, ոմանք էլ բավարարվեցին 0,5 դրույքով աշխատելու մտքի հետ: Կարծում եմ՝ ավելորդ է նշել, թե ինչ չնչին աշխատավարձով... Կառավարությունը, սակայն, համոզված համոզում էր, որ հայրենի կրթությունը զարգանալու է: Ինչպես զարգացավ՝ տեսնում ենք: Հարցնենք. ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը, որ բարեփոխումները հանգեցրին հակառակ արդյունքին: 

Խոսում ենք վերջնարդյունքների մասին: Ինչպե՞ս ենք ստուգելու դրանք: 2005 թվականից Բոլոնիայի հռչակագրին միացած Հայաստանը ստուգման նոր ձև ընտրեց, որ գրեթե բացառում է ուսուցիչների կամ դասախոսների մասնակցությունը գործընթացին: Բուհերի ընդունելության քննությունները վերանվանվեցին կամ վերափոխվեցին միասնականի: Փոխվեց անցկացման կարգը: Ստեղծվեց ԳԹԿ (Գնահատման և թեստավորման կենտրոն), որը ոչ թե նախարարությանն է ենթակա, այլ անմիջապես կառավարությանը, այսինքն՝ վարչապետին: Այս հիմնարկի բազմամյա գործունեությունը, կարծում ենք, արժանի է խորը և անաչառ ուսումնասիրության, որովհետև կրթության արդյունքը կամ վերջնարդյունքը ստուգելու առաքելությունը հենց նրա վրա է դրված: Արվե՞լ է նման ուսումնասիրություն: Կասկածում եմ: Հանրությանը հայտնի չէ: 

Ուսումնասիրության առարկա դարձե՞լ են դասագրքերի բազմաթիվ մրցույթները, պարզե՞լ ենք, թե ինչու դրանց մի մասը բնավ արդյունավետ չէ: Լուր չունենք:

2018 թվականի հեղափոխությունից հետո (դրանից առաջ էլ) բազմիցս ենք լսել կրթության ոլորտում կոռուպցիայի մասին: Սակայն աղմուկն ավելի շատ էր, քան բացահայտված փաստերը: Այսինչ գյուղի այնինչ դպրոցի տնօրենի կամ որևէ բուհի որևէ ռեկտորի կոռումպացվածությունը թույլ փաստարկ է, որովհետև խոշոր բացահայտումներ այդպես էլ չեղան: Կրկնենք՝ ԳԹԿ-ի գործունեությունը և դասագրքերի բազում մրցույթները շարունակում են մնալ մութ ծածկույթի տակ:

Հարգելի (իմ կարծիքով՝ նաև համակրելի և կիրթ) փոխնախարարն անդրադառնում է աշակերտների սոցիալական վիճակին. «Սրան գումարենք սոցիալական արդարության տեսանկյունից խիստ մտահոգիչ այն իրավիճակը, ըստ որի ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը էապես պայմանավորում է երեխայի կրթական արդյունքը, որի համաձայն` բուհին հասանելիություն ունեցող ուսանողների ավելի քան 80%-ը ոչ աղքատ ընտանիքներից են, որ որպես արդյունք ունենում է աղքատության վերարտադրության փակ շրջանը այս ընտանիքների շրջանում։ Աշխատանքային տարիքի ոչ աղքատ քաղաքացիների ավելի քան 20 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, ի համեմատություն աղքատության շեմից ներքև գտնվեղ քաղաքացիների, որոնց ընդհամենը 10 տոկոսն ունի բարձրագույն կրթություն»: Մտահոգի՞չ է, այո՛: Սակայն պակաս մտահոգիչ չէ դասավանդողների սոցիալական և բարոյահոգեբանական վիճակը: Ելք ունե՞նք: Եթե ելքը, ուսուցիչների մի մասին կրճատելով, մյուսների աշխատավարձը 5-10 հազար դրամով բարձրացնելն է, ապա սա ամենաքիչը տրագիֆարս է: 

Ուրեմն բոլորս էլ գիտակցում ենք, որ անհրաժեշտ են փոփոխություններ: Հարցը նպատակն է, բուն նյութը և ձևը: Ուրեմն ինչու՞, ի՞նչը և ինչպե՞ս ենք փոխում: Եվ այս հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է ոչ միայն կրթության ոլորտի ողբերգական վիճակը ցույց տալ, այլև ուսումնասիրել, անաչառ ուսումնասիրել, թե ինչու ենք հասել սրան:

Մարիամ Կիրակոսյան

Հ.Գ. Կրթության փոխնախարարի խոսքից մեջբերումներն «անաղարտ» են, այսինքն՝ որևէ միջամտություն չենք արել, որոշ հատվածներ ընդգծել ենք: Հայերենի վիճակը, կարծում ենք, կգնահատեք ինքնուրույն...

ՎԱՐԿԱՆԻՇ

   1223 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ