...

Ինչպես հավատալ մեկին, ով հերքում է ինքն իրեն

Ինչպես հավատալ մեկին, ով հերքում է ինքն իրեն

Քաղաքականությունը ուրանալու և դաշնակիցներին քցելու մի անվերջանալի պատմություն է, որի ընթացքը անգամ հեղափոխություններն ի զօրու չեն ընդհատել կամ փոխել: Նիկոլ Փաշինյանը չէր կարող բացառություն լինել:

Համաշխարհային պատմությունը գիտի բազում դեմքեր և դեպքեր, երբ իշխանության հասած ղեկավարը հայտարարել է, որ իրենով նոր դարաշրջան է սկսվում, և ամեն ինչը նոր ու առաջին անգամ է լինելու: Որպես կանոն՝ այդ քաղաքականությունը ուղեկցվում է նախորդների անխնա քննադատությամբ և նոր իշխանության ցանկացած քայլ իբրև աննախադեպ իրողություն ներկայացնելու ինքնամոռաց և երբեմն զավեշտի հասնող իրողությամբ:

Կրկնենք: Այս ամենը նորություն չէ: Եվ անգամ էական չէ, որ երկու տարի ՍԴ-ի ներկա կազմը հանդուրժելուց հետո միայն Փաշինյանը գլխի ընկավ ՍԴ անդամներին տուն ուղարկելու խիստ անհրաժեշտության մասին: 

Էականը և կարևորն այն է, որ իր բացառիկությունը և աննախադեպությունը ամրագրելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը հարվածներ է հասցնում իր դաշնակիցներին և, ըստ էության, սկսում ճիշտ չգնահատել քաղաքական իրողությունները և առկա խճանկարը: 

Իհարկե ասել, որ Փաշինյանը ամբողջովին կտրվել է իրականությունից և զբաղված է արկածախնդրությամբ, այնքան էլ ճիշտ չի լինի: Նա լավ գիտի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար բացարձակապես կարևոր չեն որոշ ճղճիմ գնահատականները, որոնք տրվում են հանրահավաքային էքստազի պայմաններում: Եվ նրա հաշվարկը հենց դրանում էլ կայանում է: 

Փաշինյանը սխալվում է այլ տեղ: Նախկին ռեժիմը շարունակելու է նրան ամեն կերպ քննադատել ու կապել առաջին նախագահի հետ, որքան էլ նա փորձի հեռավորություն պահել:

Բայց արդյունքում հեռավորություն պահելու նման մեթոդների և հռետորաբանության հետևանքով հարցեր են առաջանալու շարքային քաղաքացիների մոտ: Եվ դրանցից առաջինը լինելու է հարցը՝ ինչպե՞ս հավատալ մեկին, ով սրբագրում է սեփական անցյալը, ով հերքում է ինքն իրեն, ով մոռացել է, թե ինչ է ասել 10 կամ 15 տարի առաջ: 

Սովորաբար այսպես է սկսվում խզումը աննախադեպ վստահության քվե ստացած իշխանության և ժողովրդի միջև:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2256 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ