Նոյեմբերի 16-ից 3 օր է անցել, և հանգստացել ենք։ Այսինքն՝ վերջ, կռիվը պրծավ։ Հանգիստ ապրում ենք, քննարկում ենք որևէ աստղի ամուսնալուծությունը կամ վարտիքի գույնը, սոցցանցերում տեղադրում ենք մեր հարսանիքների, ծննդյան տոնախմբությունների նկարները, լայք ենք հավաքում, բամբասում ենք։ Մեծ մասամբ։ Մի փոքր մասը՝ քաղգործիչներ, քաղվերլուծագանգեր, քաղլրագրողներ, փորձում են դատողություններ անել քաղաքականության մասին, կոչեր հղել չգիտես ում։ Ընդ որում՝ հաճախական են պետք է-ով արտահայտությունները։ Բայց սրանց մասին հետո։
Իսկ այժմ ձեզ, սիրելի՛ ընթերցողներ, ներկայացնենք, թե լրատվական կայքերը ինչ են ընտրել մամուլի հրապարակումներից նոյեմբերի 20-ին։ Ահա ամենատարածվածները․
1․ Հայ զինվորն ադրբեջանցու գլխարկը դրել՝ մտել է թշնամու զորքի մեջ եւ փամփուշտ «գողացել»․ «Հրապարակ»
2․ Գլխավոր դատախազը կստանա ամսական շուրջ 2 մլն դրամ. «Ժողովուրդ»
3․ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է «մեկուսացնել» Անդրանիկ Քոչարյանին․ «Փաստ»
5․ Ինչո՞ւ են լարված Ալեն Սիմոնյանի և անվտանգության աշխատակիցների հարաբերությունները․ «Փաստ»
6․ Ինչու են Սուքիասյանների խնամուն բերման ենթարկել․ «Հրապարակ»
7․ Ռուսաստանի վարչապետը՝ երևանյան ջազ ակումբում.«Ժողովուրդ»
Սա է։ Իհարկե, հասկացաք, որ հիմնականում երկրորդական, երրորդական խնդիրներ են։ Ինչների՞ս է պետք Ալեն Սիմոնյանի և նրա թիկնազորի մասին բամբասանքը կամ Սուքիասյանների խնամին, կամ ինչո՞ւ պետք է ռուսները պահանջեն մեկուսացնել Անդրանիկ Քոչարյանին, երբ շատ լավ գիտեն, թե ով է հակառուսական հիստերիա նախաձեռնողը։
Հիմա վերնագրեր ներկայացնենք մեկ այլ՝ բավականին ընթերցվող կայքից, որում քաղաքական լուրերի արանքում վխտում են շոուբիզնեսը, «օգտակար» խորհուրդները, էլի ու էլի շոու-բամբասանքը․
1․ Ինչպե՞ս սենդվիչները պակաս վնասակար դարձնել կազմվածքի համար
2․ Սկանդալների ֆոնին․ Մերիլին Մենսոնը վաճառել է Հոլիվուդում գտնվող իր տունը
3․ «Հայ աղջիկների ոճը դարձել է ավելի համարձակ, գրագետ, որակով». դիզայներ Քրիստինե Գրիգորյանը՝ ձմեռային նորաձևության ու այլևս ոչ ակտուալ թրենդների մասին
4․ Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել. նախագահ Արմեն Սարգսյան
Չէ՛, չենք սխալվել, ՀՀ նախագահը միջին կարգի շոումենից ոչնչով պակաս չէ։
Կհարցնեք՝ ինչու ենք անդրադառնում լրատվամիջոցներին։ Չէ՞ որ նրանք փորձում են իրենց տեղը պահպանել արևի տակ, փորձում են բազմազանությամբ ընթերցողներին գրավել, փորձում են այնպես անել, որ հանրությունը չհոգնի։
Ինչի՞ց է հոգնում մեր հանրությունը։ Պատերազմից, Արցախի, Սյունիքի խնդիրներից, գերիների, անհետ կորածների ճակատագրերից։ Հանրությունն ուզում է ֆեյսբուքում սիրուն բաներ տեսնել, աչքը փախցնում է գերիներին վերաբերող ստորացուցիչ, հրեշավոր տեսանյութերից, հաճույքով կուլ է տալիս անճաշակ քիմքը շոյող լուրերը, բամբասանքը։ Եվ մեր մամուլը բավարարում է ա՛յդ պահանջարկը։
Նոյեմբերի 16-ին ու 17-ին ողբացիք, գոռգոռացիք՝ առանց տեղներիցդ շարժվելու (ուղեղի մասին չենք խոսում, չկա), 18-ին մի քիչ, կրկնում ենք՝ մի քիչ վրդովվեցիք Ն․Փաշինյանի՝ գերիների մասին ասածից, և վերջ։ Անցաք ձեր սովորական անցուդարձին։ Շուտով Նոր տարվա պատրաստություն եք տեսնելու։ Ապրե՛ք։
Թիթեռն ավելի երկար է ապրում, քան ձեր ինքնապաշտպանական բնազդը։
Եթե նորմալ հասարակություն ունենայինք, կա՛մ այս անողնաշար կառավարությունն արդեն չէր լինի, կա՛մ կսկսեր գործ անել։ Որովհետև նորմալ հասարակությունն իր զավակներին չի դարձնում անուղեղների մատաղացու։ Որովհետև նորմալ հասարակությունը պատերազմի ժամանակ փուչիկներով և հրավառությամբ սքեյթ-պարկի բացմանը չի մասնակցում։ Որովհետև նորմալ հասարակությունն իր կառավարությանը ամեն օր, ամեն ժամ ստիպում է սահմաններն ամրացնել, սահմանին կանգնած զինվորին զինել, հագցնել ու կերակրել։ Որովհետև նորմալ հասարակությունը չի կարող հանգիստ քնել, երբ իր զավակները թուրքի գերի են, երբ իր երկիրը կտրտում-ոչնչացնում են։ Որովհետև նորմալ հասարակությունն ապրում է ոչ թե սոցցանցերում, այլ իրական կյանքում։ Իսկ այնտեղ կրակում են։
Զարուհի Գաբրիելյան