«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրությանը՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվատ» շարժման ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
ՀՔԾ-ն հայտնել է հետևյալը. «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»:
Արփինե Հովհաննիսյանն էլ մեկնաբանել է. «Այն որ ՀՔԾ-ը իրավապահ մարմինների մեջ հակաիրավականության ու գրագիտության իսպառ բացակայության խորհրդանիշն է, գիտեինք, բայց այսօրվա գրածը անգամ իրենց համար խայտառակություն է։ Թե բա՝ Ա.Սիմոնյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ է գտնվել հարվածելիս, որի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել։ Ինձ մի հարց է հետաքրքրում.
Հարգելի հումորով ՀՔԾ քննիչ ու փաստաբան. կասեք ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը։ Մասնավորապես ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ և առանձնահատկություններ են ի հայտ եկել քաղաքացի Սիմոնյանի մոտ»:
Իհարկե, եթե անկեղծ լինենք, ապա ՀՔԾ-ն «պերեբարշչիտ» է արել: Սա կոչվում է արջի ծառայություն: Օպտիմալ լուծումը այն կլիներ, որ միջադեպի մասնակիցներին պարզապես տուգանեին՝ հասարակական կարգը խախտելու, մանր խուլիգանության, սեռական հայհոյանքների, իրար թեթև մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Առանց քրեական գործ հարուցելու: Միգուցե կողմերը մի քիչ չեմուչում անեին, բայց հարցը կփակվեր, դրա մասին արագ կմոռանայինք:
Բայց հիմա այնպիսի ձևակերպումներ են տվել... էլ հոգեկան հուզմունք, էլ՝ աֆեկտ, Արթուր Դանիելյանի վրա քրեական հոդված դնել: Մեր աչքի լույսը չէ Արթուր Դանիելյանը, բայց մեր սիրտը բնավ չի հովացնում ՀՔԾ-ի որոշումը: Արթուր Դանիելյանը երբեմն այնպիսի ստատուսներ է գրում, որ մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում, նորմալ երկրներում դրանք իսկապես կարող էին քրեական հետապնդման առարկա դառնալ, բայց ոչ այս միջադեպը: Էական էլ չէ՝ այս միջադեպում ով էր ճիշտ, ով՝ սխալ, իրականում երկուսն էլ սխալ էին, որ բանը հասցրել էին ծեծկռտուքի: Որքան գիտենք, իրար հետ որոշ ժամանակ աշխատել են, մի կուսակցությունից են եղել, կարող էին նույնիսկ հաշտություն կնքել, Թևան Պողոսյանի պես մեկին միջնորդ դարձնել, հրաժարվել փոխադարձ մեղադրանքներից ու այդ հիմքով թեկուզ գործը կարճեին: Բարիշելը, դժվար բարիշեին, բայց գոնե բանը չէր հասնի սրան: Թե չէ սարքեցին Քենեդու սպանություն:
Սա՝ ՀՔԾ-ի մասով:
Հիմա՝ Արփինե Հովհաննիսյանի ասածին անդրադառնանք: Հարցնում է. «Ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ և առանձնահատկություններ են ի հայտ եկել քաղաքացի Սիմոնյանի մոտ»:
Արփինե Հովհաննիսյանը մասնագիտությամբ իրավաբան է և իր իսկ հարցի պատասխանը պարտավոր է իմանալ: Եթե չգիտի, բացատրենք. հոգեկան խիստ հուզմունքի հետևանքով զգալիորեն թուլանում են մարդու ինքնահսկողության, ներքին արգելակման, որոշակի իրադրության մեջ ճիշտ կողմնորոշվելու կարողությունները: Այսինքն, մարդը զրկվում է իր արարքի հետևանքները խելամիտ և բազմակողմանիորեն կշռադատելու հնարավորությունից, խախտվում է նրա հոգեկան հավասարակշռությունը:
Չգիտե՞ր սա Արփինե Հովհաննիսյանը: Թե՞ սպասում էր, որ ՀՔԾ-ն հայտնի, թե Ալեն Սիմոնյանը հուզմունքի պահին տակն է արել: Նախկին նախարարի հարցադրման իրական ենթատեքստը սա է: Իբր, մի հատ ասեք, որ Ալեն Սիմոնյանը վախեցել է, կամ հուզվել, հո տակը չի՞ արել: Սա իրավաբանական գիտությունների թեկնածուին, առավել ևս՝ նախկին նախարարին վայել վարքագիծ չէ: Էլի թող պաշտպանի Արթուր Դանիելյանին, բայց օրինականության և բարոյականության սահմաններում: Ոնց որ մենք ենք անում. չենք ողջունում ՀՔԾ-ի որոշումը և այն համարում ենք վատ նախադեպ:
Բայց, հարկ է նաև անդրադառնալ Արփինե Հովհաննիսյանի մեկ այլ մեկնաբանությանը. որ ասում է՝ ՀՔԾ-ն իրավապահ մարմինների մեջ հակաիրավականության ու գրագիտության իսպառ բացակայության խորհրդանիշն է:
Մարդ ասում է, վերցնի ու դաստաներով Արփինե Հովհաննիսյանի դեմը դնի հարյուրավոր քրեական գործեր, որոնք թխվել են Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք: Գործեր, որոնք հակաիրավականության ու անգրագիտության գագաթնակետն են: Գործեր, որտեղ հումոր էլ կա, զավեշտ, մեղադրական զառանցանքներ, հալյուցինացիա առաջացնող վկայություններ:
Տեղյա՞կ է տիկին Արփինեն, օրինակ՝ Սափեյան եղբայրների գործից: Մի մատնիչի, մի սադրիչի ցուցմունքների հիման վրա Սափեյան եղբայրների վրա քրեական գործ դրեցին ու դատեցին: Երբ որ ճիշտ հակառակը պետք է լիներ: Այդ սադրիչին պետք է դատեին:
Տեղյա՞կ է տիկին Արփինեն, որ մարտի 1-ի ոճրագործությունից հետո քանի տասնյակ մարդու են դատապարտել ընդամենը մի հոգու ցուցմունքի վրա: Ու այդ մի հոգին պարտադիր ոստիկանության ծառայող էր լինում: Քանի հոգի է երկարատև ազատազրկման ենթարկվել նման գործերով, այդ գործերից քանիսն են Եվրադատարանում բեկանվել: Հումորն ու ողբերգությունն այնտեղ է եղել, Արփինե Հովհաննիսյան: «Ա»-ն որ ասում եք, «բ»-ն էլ ասեք:
Թե չէ Ալեն Սիմոնյան vs Արթուր Դանիելյան միջադեպն ու դրան հաջորդած քրգործը պարզապես մանկական խաղ ու պար է քոչարյանական բանդայի օրոք հարյուրներով կարված գործերի համեմատ: Ճիշտ է, ոչ ընդունելի խաղ ու պար: Բայց այդ մենք չպետք է ասենք, այլ դուք՝ հարգելի նախկիններ: