Հայաստանում ճառ ասողները շատ են, զանգ կախողը չկա: Ավելի ճիշտ՝ մեր հին և իմաստուն ժողովուրդը զանգ կախելու իրավունքը վերապահեց մի մարդու, որն արդեն ապացուցել է սեփական բացարձակ սնանկությունը: Կասեք՝ ամբողջ ժողովուրդը չէր, նրա մի մասն էր, քանի որ մեծամասնությունն անգամ քվեարկելու չգնաց: Թույլ փաստարկ է, որովհետև հասարակության չքվեարկող հատվածը հենց այդպես ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին: Սա մեղադրելու համար չենք ասում: Մեղադրողները շատ-շատ են, հանրությանը զանազան կոչեր անողները՝ նույնպես: Մենք ուղղակի արձանագրում ենք փաստը: Այդ արձանագրումն ապացուցում է, որ
- ՀՀ իշխանությունը մի ուժի ձեռքում է, որի «գործուն ջանքերի շնորհիվ» 2020-ին մենք ստացանք ջախջախիչ պատերազմ, Արցախի մազապուրծ հատվածը հանձնվեց օտարի քմահաճությանը, հիմա էլ Հայաստանի հարավն է բռնել նույն ճանապարհը:
- Ակնհայտ է, որ մեր պետությունը ստիպված է մասնակցել բանակցությունների, որոնցում մենք բնավ ուժեղ դիրքում չենք ոչ միայն պարտության, այլև գլխավոր բանակցողի անձնական հատկանիշների պատճառով: Ո՛չ, գլխավոր բանակցողը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կամ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէ, գլխավորը Նիկոլ Փաշինյանն է: Նա՛ է որոշում ընդունողը:
- Փաստ է, որ մոտ ապագայում Թուրքիան և Ադրբեջանը երկրիս երեսից չեն վերանալու, մենք էլ այլ մայրցամաքում պետություն կամ հայրենիք չենք ստեղծելու:
- Եվ վերջապես, պետք է ելք գտնենք այս աննախադեպ ծանր վիճակից:
Վերջերս, թվում է, ոմանք հասկացել են, որ անվերջ ողբը կամ իշխանություն-ընդդիմություն ցածրակարգ սկետչը փրկություն չէ: Հասկացել են, բայց ելքեր գտնելու կոչ են անում հասարակությանը: Հիասթափեցնենք: Աշխարհի ոչ մի հանրություն առանց ինտելեկտուալ ներուժ ունեցող մասնագետների ելքեր չի գտել ոչ մի ճգնաժամից: Բնական է, որ այդ մասնագետները, պետության կառավարման հմտություններ ունեցողները քիչ են անգամ մեծ երկրներում, իսկ Հայաստանում դրանք հատուկենտ են: Բայց նրանց ձայնը չի լսվում այն կակաֆոնիայի մեջ, որ օրը 24 ժամ թափվում է մեր գլխին հեռուստատեսությամբ, էլեկտրոնային մամուլով և սոցցանցերով:
Կարո՞ղ ենք լուծում գտնել առանց իրականությունը ճիշտ գնահատելու, ստելով, կեղծելով, մասնագետներին, մտածողներին չլսելով: Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ: Կարո՞ղ է մտածող փոքրամասնությունը օրակարգ ստեղծել, փոխել իռացիոնալ դիսկուրսը: Կարծում եմ՝ դեռ կարող է, եթե օրնիբուն աշխատի և դաշտը չթողնի արկածախնդիր լաչառներին:
Իսկ մենք դարձյալ ձևակերպենք այն խնդիրները, որոնք, մեր կարծիքով, կարևոր են.
- Պատերազմի պատճառների անաչառ գնահատական.
- Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային վիճակի իրական վերլուծություն.
- Բանակի վիճակի ճշգրիտ գնահատում.
- Կարող ուժերի համախմբում:
Ամփոփենք: Զանգ կախող չունենք: Երկրին իրական իշխանություն է պետք:
Զարուհի Գաբրիելյան