Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարցեր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը
1) Ինչո՞ւ է խորհրդավոր լռություն տիրում Տավուշի սահմանում տեղի ունեցող ռազմաքաղաքական անցուդարձի առթիվ։ Ո՞րն է գաղտնապահության և ժողովրդին անորոշության մեջ թողնելու նպատակը։ Թշնամին հաստատապես գիտի, թե ինչ է տեղի ունեցել, մեր ժողովրդից ինչո՞ւ եք գաղտնի պահում։
2) Ի՞նչ պայմաններում և ի՞նչ պայմաններով հաստատվեց հրադադար։
3) Կա՞ն արդյոք հրադադարի հաստատման գործընթացում օտար միջնորդ(ներ), եթե կան, ապա ո՞վ(քե՞ր)։ Եղե՞լ է արդյոք նրա(նց) կողմից ճնշում Հայաստանի վրա, եթե այո, ապա ինչպիսի՞։
4) Ի՞նչ տարածքային և դիրքային ձեռքբերում ունենք։
5) Հայկական բանակը ազատագրե՞լ է Սևաքար (Ղարադաշ) բարձունքը։
Այս հարցերի պատասխանները վաղ թե ուշ հայտնի կդառնան։ Ճշմարիտ և արդար կլինի, որ ժողովուրդը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից լսի դրանք։
Հակառակ պարագայում, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք կամփոփենք իրականության մասին առկա տեղեկույթը և կներկայացնենք մեր ժողովրդին»։
«ՉԻ». Հետաքրքիր մարդիկ են «Սասնա ծռերը»: Պատերազմը չի ավարտվել, բայց իրենք վերջնական գույքագրում են ցանկանում:
Ո՞վ ասաց, որ հրադադար է կնքվել: Երեկ էլ են կրակել, այդ թվում՝ նռնականետից:
Հայկական կողմը փորձում է օգտվել Ադրբեջանի սայթաքումից և այդ երկիրը ներկայացնել որպես ահաբեկչական պետություն՝ պայմանավորված հայկական ատոմակայանը ռմբակոծելու սպառնալիքի հետ: Եվ որքանով ճիշտ կլինի հիմա պաշտոնապես խոստովանել, թե գրավել ենք այս կամ այն տարածքը: Ադրբեջանը գիտի, բայց չի կարող խոստովանել, որ պարտվել է և տարածքներ է կորցրել, որովհետև դա անկանխատեսելի հետևանքներ կունենա Ալիևի իշխանության համար: Իսկ Հայաստանի դեպքում պաշտոնական հայտարարությունները կբերեն դիվանագիտական բարդությունների:
Բայց այս ամենը հետաքրքիր չէ «Սասնա ծռերին»: Պետության ղեկավարումից իրենց հետաքրքիր է միայն ռազմահայրենասիրական պաթոսը: Երկրի ղեկավարմանը նրանք վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեն 9-րդ դասարանի աշակերտները՝ անընդմեջ ռազմահայրենասիրական երգեր լսելուց հետո:
Ինչ վերաբերում է ստվերային պայմանավորվածություններին: Ժամանակն է, որ «Սասնա ծռերը» հրապարակայնորեն բացահայտեն, թե ինչու և ինչի դիմաց 2016 թվականի օգոստոսի 1-ին հանձնվեցին: