...

Արա Պապյանի երազը

Արա Պապյանի երազը

Ինքը «Վիլսոնի վկաներ» հայ-կանադական աղանդի հոգևոր հայրն է և հիմա հերթական հավաքն է անցկացնում Երևանի «Նացիոնալ» հյուրանոցի VIP դահլիճում:

Աղանդավորները վճարում են 200 դոլար մուտքավճարն ու մտնում դահլիճ: 

Հավաքը սկսվում է տերունական աղոթքով.

«Վուդրի´ մեր, որ երկնքում ես, 
Քո քարտեզը թող սու՛րբ լինի,
Քո գլոբուսը թող գա՛,
Քո վճիռը թող լինի՛»:

Աղոթքից հետո կանչում է օգնականին. «Հը՞, ինչքա՞ն մարդ է եկել»: «37 հոգի, Տե´ր Արա»:

Ինքը մտքի մեջ հաշվում է, բազմապատկում, դոլարի կուրսը, SWIFT համակարգի պահումներն ու եզրահանգում. «Քիչ ա էլի, դրանով հազիվ Էրզրումը կործանեմ»: 

Հետո ձգվում է, խոսափողը վերցնում ու ամբողջ ուժով ճչում. «Ես ասում եմ ձեզ, միակ ճշմարիտը սուրբ Վիլսոնն է»:

«Այոոոոոո՜»,- գոռում են աղանդավորները: 

«Կգա հատուցման ժամը, և Մսի ու Խավիարի Թագավորությունը կկործանվի»:

«Կկործանվիիիիիի՜»:

«Աշխարհի վրայից կվերանան պետությունները, և միայն Վիլսոնի քարտեզով նախատեսված մեկ կայսրություն կհաստատվի՝ Ծովից-Ծով Նայքը... ըըը.. կներեք, Հայքը»: 

Մի փոքր շունչ է քաշում, հետո միրուքի մազերը քաշելով գոռում. «Եվ քանի դեռ ճշմարտությունը չի հաստատվել մեր հոգիներում, քանի դեռ Վիլսոնի 10 պատգամները կյանքի չեն կոչվում, մենք պետք է մաքառենք, անցնենք փորձությունների միջով: Մեր զավակներն ու հորեղբոր տղաները չպետք է հլու-հնազանդ ծառայեն անարդար պատերազմներ հրահրող անհավատների համար»:

«Կորչի՜ ծառայությունը»,- վանկարկում են աղանդավորները:

«Խոսք ունի ասելու բարեպաշտ Հայկը՝ մեր Մարտիրոսների արժանի ժառանգը»:

Հայկ Մարտիրոսյանը վերցնում է խոսափողն ու գոռում. «Ես ասում եմ ձեզ, որ «Սասունցի Դավիթ» էպոսում Վիլսոնի կոդավորված պատգամ կա»:

«Wow!»,- վաու են անում աղանդավորները:

«Այո, այո, այնտեղ հիշատակվում է Քուռկիկ-Ջալալին: Իսկ գիտե՞ք՝ ինչպես է կոդազերծվում Քուռկիկը: Դա Քուռն է, որին Վիլսոնը ավելացրել է to kick բառը, որը նշանակում է՝ հարվածել: Այսինքն, Քուռկիկ, նշանակում է՝ հարվածել Քուռ գետին: Օրհնվի էն թայմը, երբ Վիլսոնի գրիչը կպավ քարտեզին»: 

Բոլորը խաչակնքվում են. սկզբից՝ Արևելքից Արևմուտք, հետո՝ Հյուսիսային Բևեռից Հարավային Բևեռ»:

Այդ պահին շնչակտուր ներս է մտնում երանելի Ժիրայրը և տագնապալից դեմքով հայտարարում. «Որպես Ռուսաստանի ֆորպոստ և ՀԱՊԿ անդամ, Հայաստանն էլ է Արևմուտքի պատժամիջոցներին ենթարկվել: Չեղարկվել են Հայաստանից դեպի ԱՄՆ և Կանադա բոլոր չվերթները»:

Արթնանում է «Տիտանիկում»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   19861 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ