Գրիչի պատմության ոդիսականը շարունակում է ալեկոծել քաղաքական դաշտը: Չստացված հուժկու բացահայտմանը հաջորդեց վարչապետի լայվը, որտեղ նա փորձեց բացատրել, թե ինչու մինչև հիմա չի հանգուցալուծվել ՍԴ ճգնաժամը և ինչու են հեղափոխությունից միայն 1.5 տարի անց սկսել լրջորեն զբաղվել այդ հարցով:
Ըստ Փաշինյանի, իրենք սկզբնապես հակված չեն եղել կադրային ջարդի: Թովմասյանի լեգիտիմության վերաբերյալ կասկածանքների մասին առաջին ահազանգերից հետո ինքը նշումներ է արել նոթատետրում, բայց հետո զբաղվել է ավելի լուրջ գործերով և միայն հիմա է հիշել, որ կա այդպիսի լուրջ խնդիր:
Այս որակի «կռուտիտները» հարիր չեն հեղափոխության առաջնորդին, որը խոստացել է հնարավորինս անկեղծ երկխոսել հանրության հետ:
Այո, ի սկզբանե Փաշինյանը հակված չի եղել փոխել բոլոր նախկին պաշտոնյաներին: Եվ դա ստրատեգիական լուրջ սխալ էր իր կողմից և որը խոստովանելու քաջություն է պետք դրսևորել: 2018 թվականի ամռանը ընդամենը մեկ լայվ էր անհրաժեշտ, որպեսզի Հրայր Թովմասյանն արագ լքի խրամատը և փախչի այնպես, որ հետքը չգտնեն: Փաշինյանը անգամ հակված չէր արագ լուծարել խորհրդարանը, մինչև դանակը չհասավ ոսկորին և չպարզվեց, որ հին խորհրդարանը դավադրություն է նախապատրաստում իր հանդեպ: Նույն կերպ նա հակված չէր փոխել ԲԴԽ կազմը, մինչև դատարանն ազատ չարձակեց Քոչարյանին: Նույն կերպ նա չէր թերթում նոթատետրի նախկին գրառումները, մինչև չպարզվեց՝ ՍԴ-ը դավադրություն է նախապատրաստում երկրի թիվ մեկ ամբաստանյալի գործով:
Հեղափոխությունից առաջ և անգամ հետո, իշխանության վերնախավում կար սխալ մտայնություն, թե Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո, մնացածը միանգամից ձեռքերը վեր են պարզելու և հանձնվելու են: Իշխանությունը, ունենալով շատ աղքատիկ կադրային բանկ, հակված էր մեծացնել առաջացող վակուումը: Նրանք ավելի հակված էին նախկին պաշտոնյաներից ստանալ իրենց պատկերացումներին բավարարող նոր պաշտոնյաների: Դրա արդյունքում նախկին շատ պաշտոնյաներ մնացին իրենց գործերին և կոռուպցիայի բացակայության պայմաններում դարձան նախկին ռեժիմի բնական դաշնակիցն ու աջակիցը:
Հասարակության հետ պետք է ազնիվ երկխոսել, բացատրել, թե որտեղ են սխալվել իրենց հաշվարկներում: Հասարակությունն այդ ժամանակ ավելի ներողամիտ կլինի, կընդունի, որ փորձի պակասը կարող է հանգեցնել նման վրիպումների: Դրա փոխարեն, իշխանությունը չի խոստովանում իր սխալները և փորձում է իր առջև ծառացած մարտահրավերները լուծել նախկինների նկատմամբ հասարակական մերժողականության շնորհիվ:
Արիս Վաղարշակյան