Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ այն վերնագրելով «Տոքսիկ իրականություն».
«Եվ ուրեմն՝ Ջինը շշից այլևս բաց է թողնված ու «мордобой»-ը սոցիալական տիրույթից այլևս տեղափոխվեց դալաններ ու պադյեզդներ։
Երբ քաղաքապետի ընտրության ժամանակ Սփյուռքի նախարարության ոմն Անուշ, մոբիլիզացնելով իր չիրացված ողջ մակաբույծ իմպուլսները, սեռապաթոլոգիկ հայհոյանք էր տալիս ինձ ու էդ հայհոյանքը «հավանում» էին իր հպարտ հայհոյակիցները, էդ ժամանակից արդեն Ջինը դանդաղ դուրս էր գալիս շշից։
Երբ զգուշացնում էինք, որ ատելության այս «պերեդոզը» օնլայն տիրույթից ծորելու է «հայաթներ ու դալաններ», ծորելու է օֆլայն տիրույթ, որոշ ֆեյք բարեպաշտներ ինձ մեղադրում էին հետհեղափոխական Էլդորադոն ու հետհեղափոխական սիեստան հարամելու մեջ։ Ու ԱԺ ամբիոնից Գյուլնազ տատի լոլոներն էին կարդում անդնդախոր սիրո և համերաշխության մասին։
Հիմա արդեն խորհրդարանում իրար վրա ոտք են սրբում ու հայաթներում «ռեալիթի мордобой» է։ Հ.Գ. Հին շումերները վստահ էին, որ շշից բաց թողնված Ջինը ամենադաժան բումերանգն է»։
«ՉԻ». Այս դեպքի համար է ասված՝ աշխարհ կանգնի, իջնող կա: Սա ասում է մի ուժի ներկայացուցիչ, որի առաջնորդի թիկնազորը տասնամյակներ տեռորի է ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդգնել են ասել, որ Ծառուկյանի աչքի վերևը ունք կա: Տեռորը մեղմ բնորոշում է. ոմանք հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալու, թե ինչ վարք է դրսևորում առյուծը վանդակում:
Ամենայն հավանականությամբ, երբ 2004-ին այրում էին Փաշինյանի մեքենան, դա ոչ թե ատելության պերեդոզ էր, այլ սիրո և հանդուրժողականության առաջին երկչոտ քայլերն էին:
Իսկ երբ Ծառուկյանի թիկնազորը բանակային հանդերձանք էր ստանում՝ գործուն աջակցություն բերելու ցուցարարներին ծեծելու ազգանվեր գործում, դա Ջինը բաց թողնել չէր, այլ մասնակցություն Քոչարյանի՝ Երևանի փողոցներում սաֆարի իրականացնելու բնական ցանկությանը:
Սա էլ մի կողմ դնենք: Օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանը այս նույն տեքստը կարող էր գրած լիներ արդեն 2015 թվականին: Նույն բառամթերքով նկարագրեր և պիտակավորեր բոլոր նրանց, ովքեր կոչ էին անում իր առաջնորդին բամփել և տեսախցիկների առջև «դոդ» էին անվանում: Թե՞ «դոդ» պիտակավորմանը կարելի է փաղաքշական երանգ տալ, բայց խիստ վիրավորվել մեկ ուրիշի հասցեին հնչեցրած «քաղաքական տրյապկա» բնորոշումից: Թերևս հենց վերջին բնորոշմանը կարելի է արժանացնել բոլոր նրանց, ովքեր ծպտուն չհանեցին իրենց շեֆին «դոդ» ասելուց հետո:
Հ.Գ. Մնում է կարծել, որ Զոհրաբյանը միայն հիմա է սկսել գրել-կարդալ շումերերենով և հասկացել՝ Ջինը ամենադաժան բումերանգն է: Եթե ժամանակին կարդացած լիներ, կհասկանար, որ տասնամյակներով ջին են բաց թողել և հիմա մոտիկից ծանոթանում են բումերանգին: Միայն թե ավելի չդոդանան: