...

Ջրամղձավանջը՝ Ալափարսում. դաշտերն արցունքով են ոռոգում

Ջրամղձավանջը՝ Ալափարսում. դաշտերն արցունքով են ոռոգում

Տիգրան Ղազարյանը Կոտայքի մարզի Ալափարս վարչական տարածքում,  արդեն 20 տարի է հող է մշակում, մայրաքաղաքը թողել է՝ գյուղբիզնեսով զբաղվելու համար, որպես բիզնես՝ ազնվամորու առաջին մշակողն է և օրգանական գյուղատնտեսության առաջին ֆերմերը։ 5 հա ազնվամորի է մշակում և շուրջ 20 տարի Կոտայք ՋՕԸ-ի բաժանորդն է, պարտաճանաչ վճարող է և ոռոգման խնդիրներ չի ունեցել մինչև 2020թ-ը։

Կոտայքի ՋՕԸ-ի արդեն թարմացված կազմը նախորդ տարի որոշել էր, որ Տիգրան Ղազարյանն ավելի շատ ջուր է օգատգործում և երկու անգամ կրճատում են ջրի հոսքը և արդեն երկորդ տարին է՝ ոռոգումը Տ. Ղազարյանի համար դարձել է ջրամղձավանջ:

2020թ-ին նա  ակնկալել է 3 հա-ից 11 տոննա բերք հավաքել, սակայն հավաքել է 5 տոննա, այս տարի ակնկալել է 15 տոննա բերք,  անգամ բերքի մատակարարման պայմանագրերն են  կնքվել, ոռոգման ջրի պայմանագիրը ևս կնքվել է, կանխավճարել է, սակայն դաշտից ոչինչ չի հավաքել․ ոռոգման ջուր չեն տվել, բերքը թփին չորացել է։

«ՉԻ»-ն զրուցեց Տիգրան Ղազարյանի հետ՝ այս ջրամղձավանջի մանրամասների վերաբերյալ:

Ջրի վարձավճարների ժամանակին վճարե՞լ եք։

Այո, երբեք պարտքեր չեմ ունեցել, միայն 2020թ-ին, երբ կանխավճար էի արել, ջուր չտվեցին, ես էլ չշարունակեցի վճարել։ Իմ հիմնական խնդիրը կապված է 3 հա ազնվամորու տարածքի հետ: 2020թ-ին Կոտայք ՋՕԸ-ի նոր տնօրինությունը որոշել էր երկու անգամ կրճատել ջրի քանակը և նոր չափաքանակներով ոռոգել չեմ կարողանում։

Ոռոգման ջուրն ինչպե՞ս եք ստանում։

Ես դաշտիս համար երկու խողովակով եմ ջուր ստանում, մեկ 150 մմ տրամագծով է, ոռոգման խնդիրներ այս խողովակը չի առաջացնում,  մյուսը 30 մմ  տրամագծով է: Այս խողովակը ուղղահայաց է միացված և որպեսի ջուրը հոսի իմ դաշտ, ոռոգող խողովակի մեջ փոքր դետալ էր դրված՝ 5 սմ երկարությամբ:  2020թ-ին այդ դետալը հանեցին Կոտայքի ՋՕԸ-ի աշխատողները՝ պատճառաբանելով, որ խցանում կառաջացնի, դրանից հետո ոռոգելն ինձ համար դարձավ խնդիր։

Ի՞նչքան եք վճարում ոռոգման համար։

Հա-ով են հաշվում, մինչև անցած տարի, հիմա էլ Ալափարսում՝ ողջ սեզոնում, մեկ հա ազնվամորու դաշտի համար վճարում էի 75 հազար դրամ։ Իմ հողը գտնվում է Ալափարսի վարչական տարածքում, սակայն խողովակներով միացած է Կարենիսից։

Անցած տարի ՋՕԸ-ից եկել, ջրաչափ էին տեղադրել գյուղացիներից մեկի դաշտին և, ըստ իրենց հաշվարկների, ազնվամորու մեկ հա-ի համար ավելի շատ ջուր է օգտագործվում՝ մոտ 30 անգամ, քան վճարվում է: Այդ հաշվարկների համաձայն վարձավճարը հասավ աստղաբաշխական թվերի, սակայն որոշեցին մեզ «լավություն անել» և  մեկ հա-ի համար գանձել ոչ թե 75 հազար դրամ, այլ՝ 200 հազար։

Ըստ իրենց քարտեզների, Ալափարսն ավելի խոնավ տարածք է և մնացել է 75 հազար դրամ, իսկ Կարենիսը չոր տարածք է և վարձավճարը դարձել է 200 հազար դրամ, իսկ իմ տարածքը Ալափարսում է, սակայն ես պարտավորվել եմ վճարել 200 հազար դրամ, քանի որ ջուրը Կարենիսից է գալիս:

2020թ-ին որ ջրի ողջ վարձավճարը չվճարեցիք . ի՞նչ խնդիրներ առաջացան անցած տարի և այս տարի։

Ինձ անցած տարի հունիսի վերջից ջուր չեն տվել, մինչ այդ վճարել էի 60 հազար դրամ ու երկու անգամ ոռոգել էի․իմ ջրածի դիմաց վճարել եմ, դրանից հետո ջուր չեն տվել, կռվով-դավով մի անգամ էլ կիսատ-պռատ ջրեցի ու վերջ։ Բերքից զրկվեցի, հավաքեցի ընդամենը 5 տոննա բերք՝ 11-ի փոխարեն։

Այս տարի պայմանագիր կնքեցի, կանխավճար տվեցի 100 հազար դրամի, սակայն հասկացա, որ ջուրը դարձյալ տեղ չի հասնելու։ Մայիսին մեկ անգամ ջրեցի, քանի որ այդ շրջանում ոչ ոք չի ոռոգում, իսկ արդեն հունիսին, երբ ջրի պահանջարկը մեծացել էր՝ չեմ ոռոգել։ ՋՕԸ-ի աշխատակիցները ոչ թե միտումնավոր են անում, պարզապես անգրագիտության արդյունք է, չեն կարողանում համակարգը կառավարել։

Ասում եք, որ 3 հա-ի հետ է կապված ոռոգման խնդիրը, իսկ ձեր մյուս հողատարածքնե՞րը։

2 հա առանձին ազնվամորու տարածք ունեմ, ոռոգման խնդիր չկա, 4 հա տարածք եմ ունեցել, 15 տարի մշակել եմ, սակայն հիմա վերածվել է արոտավայրի՝ դարձյալ ջուր չլինելու պատճառով, իսկ հիմա էլ այս 3 հա ազնավամորու ոռոգման հարցն է։ Ես թզուկ ընկուզենիներ եմ տնկել ազնվամորու դաշտում, դրա համար վարկ եմ վերցրել, որ երբ ազնվամորին այլևս բերք չտա, ընկուզենիներն աճեն։

Հիմա ձեր ազնվամորու դաշտում ի՞նչ վիճակ է։

Բերքն ամբողջությամբ չորացել է, այս երկու օրը փորձում էին ջուր տալ, քանի որ Ալափարս գյուղում արդեն ոռոգման խնդիր կար, գյուղի բնակիչները սպառնացել էին, որ ճանապարհ կփակեն դրա համար, Կոտայքի ՋՕԸ-ի աշխատակիցները փորձում են ոռոգման խնդիրը կարգավորել։ Ես ընդամենը կարողացա փողրակով ընկուզենիներս ջրել, իսկ ազնվամորու մասին խոսք չկա, դաշտի 30 տոկոսը չորացել է և եթե առաջիկայում չջրեմ, ևս 60 տոկոսը կչորանա, իսկ մեկ ամիս անց ողջ դաշտը։ Ես այդքան ջանք ու աշխատանք եմ թափել այդ տարածքի վրա, բույս եմ աճեցրել, իսկ Կոտայք ՋՕԸ-ի պատասխանատուները երևի կյանքում մեկ բույս էլ չեն աճեցրել, որ այդպես անտարբեր են։ Վարչապետին նամակ եմ գրել և այդպես էլ գրել եմ, որ նրանք կյանքում մեկ բույս էլ երևի չեն աճեցրել, որ թողնում են՝ դաշտս չորանա։

ՋրՊետԿոմ-ի նախագահին հանդիպե՞լ եք։

Այո, փաստաբանիս հետ գնացել էի, պետը՝ Կարեն Սարգսյանն, ասում էր, որ անցած տարի չեք վճարել՝ ջուր չենք տալիս, բայց փաստաբանս փաստերը ներկայացրեց և հասկացան, որ դատարանում նման պատճառաբանությամբ տանուլ են տալու։ Այնուհետև ասացին, որ  ես ճիշտ չեմ ներկայացրել իմ հողատարածքի չափսերը։

2016թ-ին այդ քարքարոտ հողատարածքը գնել եմ՝ 7,2 հա, երկու տարի միայն քարից եմ մաքրել և 3 հա է հնարավոր եղել մշակել, մնացածը քար է ու ժայռ։ Ազնվամորու տնկարան եմ հիմնել, մեկ կմ ջրագիծ եմ քաշել իմ միջոցներով։

Այո, փաստաթղթով 7,3 հա է,սակայն մշակում եմ 3 հա-ը, մնացածն անհնար է մշակել։ Այս տարի 20-25 մլն դրամի բերքի մատակարարման պայմանագիր եմ կնքել, բայց բերք չունեմ՝ չորացել է։

Ի՞նչ եք պատրաստվում անել։

Պատրաստավում եմ դատական հայց ներկաայցնել Կոտայք ՋՕԸ-ի դեմ։ Եթե այսպես շարունակվի ևս մեկ ամիս, իմ 3 հա ազնվամորու դաշտը ամբողջովին կչորանա, իսկ ՋՕԸ-ին ոչինչ չի հետաքրքրում։ Վարչապետն ասում է զարկ տանք գյուղատնտեսությանը, բայց այգիս չորանում է։

Իմ բողոքը Կոտայք ՋՕԸ-ի տնօրեն Վալեիկ Ափոյանի և Կոտայք ՋՕԸ-ի Նաիրի տեղամասի պետ  Գուրգեն Օսիպյանի դեմ է։ Ինձ ասում են ի՞նչ երաշխիք կա, որ այս տարի կվճարես ջրի դիմաց, ինչպես անցած տարի չես վճարել։ Ես անցած տարի 60 հազար դրամ վճարել եմ, երկու անգամ ջրել եմ, այս տարի 100 000 կանխավճար եմ տվել՝ միայն մայիսին եմ մեկ անգամ ջրել։

Իսկ ջրբաշխնե՞րը։

Ջրբաշխն իր գործը չի անում։ Պայմանագրում գրած է, որը ջուրը պետք է բերեն-հասցնեն իմ հողատարածքի գլուխը, սակայն ջրբաշխները «վինտիլները» (կափույր) բացում են ու վերջ, թե հետո ջուրը ինչպես է տեղ հասնելու, մնացածը հողօգտագործողի վրա է։ Ո՞ր ջրբաշխը 70 հազար աշխատավարձի դիմաց բոլորի հետ գլուխ կդնի։

Գյուղի բնակիչների հետ էլ խնդիր կա, ինձ ասում են՝ գյուղի բնակիչ չես, մեր ջուրը տանում ես. ոռոգելն ամենօրյա կռվի բուն է, գյուղատնտեսություն վարելն էլ է դարձել կռվի բուն։

Աչքիս առաջ ազնվամորու բերքը չորանում է, լացս գալիս է, իսկ որևէ մեկին դա հետաքրքրո՞ւմ է: Կոտայք ՋՕԸ-ի պատասխանատուներին հաստատ՝ ոչ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   149424 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ