...

Կա՞ թիմ, թե՞ գործ ունենք միայնակ գայլի հետ

Կա՞ թիմ, թե՞ գործ ունենք միայնակ գայլի հետ

Այն, ինչ երեկ երեկոյան տեղի էր ունենում վարչապետի ֆեյսբուքյան էջում, բովանդակային առումով հասկանալի էր, մատուցման ձևով՝ անընդունելի:

Հասկանալի է, որ այս կերպ Փաշինյանը հասարակությանը նախապատրաստում է կրկին երկիրը «փակելու» շատ մոտ հեռանկարին: Հասկանալի է, որ երկրի ղեկավարը դրանով փորձում է հակադարձել՝ միայն մենք չենք մեղավոր ստեղծված իրավիճակի համար, հասարակության շատ անդամներ իրենց պահել ու շարունակում են անպատասխանատու պահել:

Բայց դա մի փաստ է, որ առողջ բանականություն ունեցող և քաղաքական ինտրիգներին չմասնակցող որևէ քաղաքացի կասկածի տակ չի դրել: Անընդունելի է, երբ կուլ ես տալիս նախկինների խայծը և սկսում նրանց օրակարգով շարժվել: Իսկ նրանց ուզածը մեկն է՝ խզում առաջացնել իշխանության և հասարակության միջև: Նրանք առավոտից երեկո իրենց մեդիաներով ու սոցիալական ցանցերով քննադատում, պախարակում, մեղադրում, հրաժարականներ են պահանջում և իշխանությունը փորձելով հակադարձել՝ ակամայից հակամարտության մեջ է մտնում հասարակության հետ: Փորձված քաղաքական գործիչ Փաշինյանը չպետք է ընկնի նախկինների լարած թակարդի մեջ:

Մատուցման առումով է՛լ ավելի անընդունելի էր հենց Փաշինյանի անձնական էջով հակագրոհ կազմակերպելը: Իշխանությունը հաճախ նեղվում է, երբ ասում են՝ Փաշինյանը միայնակ է և թիմ չունի: Երեկ մենք ականատեսն եղանք դրա հանրամատչելի ցուցադրմանը: Փաշինյանի կազմակերպած գրոհին կամ հակագրոհին չմիացավ բարձրագույն իշխանության գեթ մեկ ներկայացուցիչ: Նախարարներից, պատգամավորներից որևիցե մեկը չարեց նույն բանը, ինչ ժամեր շարունակ արեց իրենց ղեկավարը: Ընդհանրապես անհասկանալի էր՝ դա վարչապետի այսրոպեական որոշո՞ւմն էր, թե՞ մտածված մարտավարություն: Եթե մտածված մարտավարություն էր, ապա միայնակ այդպիսի հակագրոհ չեն կազմակերպում: Ուժերի մոբիլիզացիա և հնարավորինս շատ կողմնակիցների ներգրավում էր անհրաժեշտ: Դրա փոխարեն ականատեսն եղանք, թե Փաշինյանն ինչպես է րոպեների ընթացքում դառնում մեմերի հերոս՝ իր թիմի լռության պայմաններում:

Այն, ինչ անում էր Փաշինյանը, պետք է աներ պետական քարոզչամեքենան՝ իր հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով: Այդ ռեսուրսը օգտագործելու փոխարեն մեր առջև ներկայացավ միայնակ բլոգեր, որը, իհարկե, չէր կարող միայնակ դիմագրավել բազմաթիվ անգամ գերազանցող ուժերին:

Այս պահին իմաստ չունի հակադարձել կամ մեղադրանքներ հնչեցնել: Պահն իսկապես օրհասական է: Պարզապես պետք է հասարակության հետ անկեղծ խոսել, ընդունել, որ եղել են թերացումներ, բացատրել՝ ճգնաժամային իրավիճակներում կառավարման փորձի պակասը ազդեցություն ունեցել է ընդունվող որոշումների որակի և կատարման վրա: Անկեղծ երկխոսությունը, սխալների ընդունումը, բացատրելը, որ առաջիկայում կամային որոշումներ ընդունելն անխուսափելի է, շատ ավելի նպաստավոր մթնոլորտ կստեղծի, քան հարսանիքների լայվերի վերահեռարձակումը:

Եվ, ի վերջո, հասարակությունը պետք է հասկանա՝ գործ ունի միայնակ գայլի՞, թե՞ իշխանությունը վերցրած թիմի հետ: Առաջինին միգուցե շարունակի համակրել, բայց շատ մտահոգ կլինի իր ապագայի համար:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1681 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ