...

Կապիտուլյացիայի և արժանապատվության տարբերությունը

Կապիտուլյացիայի և արժանապատվության տարբերությունը

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե «եթե մեկ տարի առաջ սեղանին դրվեր փոխզիջումային ինչ-որ տարբերակ, որը ենթադրելու էր 5-7 շրջանների վերադարձ, կհամաձայնեի՞ն», ասել է՝ «Փաստորեն, հիմա Ադրբեջանը ստացել է ավելին, քան՝ ցանկացել է ստանալ և ի՞նչ է, պատրա՞ստ է կարգավորման, բնական է, ոչ: Սա ցույց է տալիս, որ մենք ավելի ճիշտ էինք պատկերացնում Ադրբեջանին, եթե նրա համար այդ 7 շրջաններն էին հիմնական խոչընդոտը, վաղուց լուծված էր հարցը»:

«ՉԻ». Այսինքն՝ Արցախի արտգործնախարարը մոտավորապես հետևյալն է ասում. անիմաստ էր փոխզիջումային տարբերակով Ադրբեջանին վերադարձնել 5-7 շրջանները, մեկ է, սենց թե նենց, դրանից հետո էլ շարունակելու էր իր ագրեսիվ քաղաքականությունը: Ուրեմն՝ փոխզիջումը սխալ ու անթույլատրելի բան էր, ճիշտը մինչև վերջ կռվելն էր, ինչ կլիներ՝ կլիներ: 

Այսինքն՝ փոխզիջումների հիման վրա՝  անվտանգության միջազգային երաշխիքներով, միջազգային հանրության կողմից հավանության արժանացած պայմանագրի ու նվաստացուցիչ կապիտուլյացիայի միջև տարբերություն չկա՞: Առաջինի դեպքում մենք այսքան տարածքային կորուստներ չէինք ունենա, կպահպանեինք մեր բանակը, կպահպանեինք մեր դեմքն ու արժանապատվությունը, չէինք ունենա հազարավոր զոհեր: Սա քիչ է՞ր: Ստացվում է՝ քիչ էր: 

Բայց այստեղ մի պահ կա. որ ասում են՝ ոչ մի երաշխիք չկար, որ Ադրբեջանը շրջանները ետ տալուց հետո չի շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը: Գիտե՞ք՝ ինչի են սա ասում. որովհետև Հայաստանի ու Արցախի հզորության, ուժի վրա վստահ չէին: Իսկ ինչի՞ վստահ չէին. որովհետև գիտեին, թե 1998-ից մինչև 2020 թվականը Հայաստանն ու Արցախը ինչ օրն էին գցել, ինչպես էին մսխել նրա ռեսուրսները:

Ու այդ առումով տեղին է հիշեցնել մի փոքրիկ հատված Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից. «Փոխզիջման էությունից բացի կարևոր է նաև փոխզիջման պահը։ Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռք բերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը։ Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբևէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»:

Սա է, որ 98-ից հետո եկած ուժերը երբեք չեն խոստովանի, որ իրենք բաց են թողել փոխզիջման ամենանպաստավոր պահը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1530 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ