...

Կառավարության որոշումը Հիսուսի արձանի վերաբերյալ

Կառավարության որոշումը Հիսուսի արձանի վերաբերյալ

Մեր տեղեկություններով, կառավարությունը տևական քննարկումներից հետո վերջնական որոշում է կայացրել Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ, սակայն որոշման տեքստն առայժմ չի հրապարակում։ Այնուամենայնիվ որոշման տեքստը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

«Կառավարությունը հավանություն է տալիս «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծին՝ հետևյալ վերապահումներով։

Ա․ Արձանի պատվանդանի վերնամասում տեղադրվելիք հսկայական տառերով անգլերեն «DOD BLESS YOU» գրությունը համարել «Լեզվի մասին» ՀՀ օրենքին հակասող։

Բ․ «Շանգրի Լա» խաղատնից դեպի արձան տանող ճանապարհի երկայնքով կառուցվելիք «Մի շնանար» մոթելների և գիշերային ակումբների ցանցը համարել մեր ինքնությանը անհարիր և անվանափոխել։

Գ․ Ճանապարհի ասֆալտապատման և ճոպանուղու կառուցման կապալառուի ընտրությունը վերապահել ՀՀ կառավարությանը՝ մեկ անձից գնումների ընթացակարգով։

Դ․ Արձանի տարածքում վճարովի Wi-Fi-ի կոդը սահմանել Nikolprkich 2020։

Ե․ Արձանի տարածքին շնորհել ռազմավարական օբյեկտի կարգավիճակ և սահմանել լուսանկարվելու տուրք։

Զ․ Խստորեն վերահսկել արձանի մերձակայքում հիմնվելիք տեխնիկական կանեփի պլանտացիաների գործունեությունը և զբոսաշրջային էկո-համտեսների գործընթացը։

Է․ Արձանի մերձակա ավտոկայանատեղից դեպի պատվանդան բարձրացող վճարովի հետիոտն ճեմուղին անվանել «Իմ քայլը», իսկ գոյացած հասույթը փոխանցել համապատասխան հիմնադրամին։

Ը․ Արձանին հարակից հանրային սննդի օբյեկտներում մատուցել բացառապես թեմատիկ ճաշատեսակներ, մասնավորապես՝ ձուկ (որպես քրիստոնեության խորհրդանիշ), դիմացը շաղ տրված մարգարիտներից հրաժարված խոզի խորոված, զոհաբերված գառնուկի խաշլամա, քավության նոխազի բուղլամա և այլն։ 

Թ․ Համալիրի ընդհանուր ղեկավարումը վստահել Խաչատուր Քոքոբելյանին՝ վերջինիս վերապահելով գործադիր տնօրեն նշանակելու անվիճելի իրավունք։

Նախագծային այս փոփոխությունների իրականացման դեպքում կառավարությունը պարտավորվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում աջակցել համալիրի կառուցմանը՝ հետագա համատեղ շահագործման նպատակով»։ 

Ենթադրաբար, կառավարության այս որոշումը կհրապարակվի հարմար պահի՝ «խաղաղության դարաշրջանի բացման» հերթական դրվագից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8812 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ