...

Կարծես Մուկուչյանը լայվ աներ

Կարծես Մուկուչյանը լայվ աներ

Երեկ վարչապետը ֆեյսբուքյան լայվի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև Արցախում տեղի ունեցած ընտրություններին: Եթե ՀՀ որևէ քաղաքացի, որ վերջին երկու տարվա ընթացքում կոմայի մեջ եղած լիներ ու հանկարծ արթնանար, չէր հասկանա, թե ինչպես է Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակել Մուկուչյանի փոխարեն:

Չէր հասկանա, թե ինչու է Փաշինյանը արդարանալու համար օգտագործում Մուկուչյանի բառամթերքը: Եվ սա ամենևին չափազանցություն չէ: Հեղափոխության առաջնորդը, որի գլխավորությամբ կարծես թե մեկընդմիշտ մերժել էինք ընտրակեղծարարության ինստիտուտը, երեկ փորձելով հերքել Արցախի նախագահական ընտրություններում տեղի ունեցած մեծածավալ խախտումների փաստը՝ օգտագործում էր ճիշտ նույն հնարքները, ինչ ժամանակին օգտագործում էին Քոչարյանը և Սարգսյանը:

Ինչ է ասում Փաշինյանը: Եթե Հարությունյանի օգտին կազմակերպված ընտրակեղծիք անելու նպատակ եղած լիներ, ապա կկեղծեին անհրաժեշտ ևս 600 ձայնը, և Հարությունյանը առաջին փուլով կդառնար նախագահ: Սա մոտավորապես նույնն է, եթե գողության մեջ մեղադրվողն ի պաշտպանություն իրեն հայտարարի, որ ինքը գողություն չի արել, քանի որ գողության օբյեկտում մնացել է իր, որը ինքը չի տարել:

Փաշինյանը լավ կհիշի, որ այս նույն փաստարկները բերում էր նաև Քոչարյանը 2003 թվականի նախագահական խայտառակ ընտրությունների առաջին փուլից հետո: Երբ Ստեփան Դեմիրճյանը մատնանշում էր, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ, Քոչարյանը հակադարձում էր, որ այդ դեպքում տեղի չէր ունենա երկրորդ փուլ, քանի որ ինքն էլ Արայիկ Հարությունյանի պես հավաքել էր 49 տոկոս ձայն և ընդամենը մի քանի հազար ձայն էր պակասում առաջին փուլով ընտրվելու համար:

Պակաս զավեշտալի չէր կազմակերպված ընտրակեղծիքներ չլինելու պնդումը հիմնավորել այն հանգամանքով, որ զուգահեռ կայացած խորհրդարանական ընտրություններում երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրել է ընդդիմությունը: Սերժ Սարգսյանի հաճախորդները ավելի երկար էին մնում չբացահայտված, քան օրինակ երկրորդ տեղը զբաղեցրած Սամվել Բաբայանը, որն արդեն սկսել է խոսել Մասիս Մայիլյանի դեմ՝ չսպասելով անգամ 40 օր:

Դեռ մինչև վերջ պարզ չէ, թե ինչու Փաշինյանը մտավ այս արկածախնդրության մեջ: Ինչու իր հետ Արայիկ Հարությունյանին պաշտպանում են նաև նախկին ռեժիմի ներկայացուցիչները, օրինակ՝ Արփինե Հովհաննիսյանը, որը ուրիշ հանգամանքներում կօգտագործեր իր ողջ ռեսուրսը՝ բղավելու, որ պաշտոնական Երևանը աջակցել է Արցախում ընտրակեղծիքներ կատարելուն:

Ամեն դեպքում նա իր ակտիվին գրանցեց առաջին ընտրությունները, որոնք լիուլի տեղավորվում են իր սահմանած չարիքի ընտրությունների ցուցակում:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ