Մեր իշխանական և անկախ լրատվամիջոցները շտապեցին անարգանքի սյունին գամել Ռոբերտ Քոչարյանի դաշինքին համերաշխություն հայտնած մտավորականներին: Սակայն լուռ են ԿԳՄՍ նախարարի հետ կապված այլանդակ միջադեպից հետո: Այնինչ սրանից ավելի քստմնելի տեսարան դժվար է մտաբերել անկախ Հայաստանի պատմությունից: Գուցե դաշնակցական Պողոս Պողոսյանի ծեծն ու սպանությունն էին հայտնի սրճարանում:
Այսպես, կառավարության նիստի ժամանակ Ն. Փաշինյանը հրապարակային ճիպոտահարության է ենթարկում սեփական թիմակցին՝ ԿԳՄՍ նախարարին: Եվ գիտե՞ք՝ ինչու: Որովհետև վերջինս չի կատարել շեֆի բանավոր հրահանգը, որ վերաբերում էր ոչ թե կրթության բարեփոխումներին կամ երկրի համար կարևոր որևէ այլ խնդրի, այլ ծանրորդներին ինչ-որ քանակի ծանրաձողերով ապահովելուն: Եվ ԿԳՄՍ դոկտոր, պրոֆեսոր նախարարը ծույլիկ ու խեղճ աշակերտի նման դիմանում է այս խայտառակությանը: Նա ոչ միայն անմիջապես հրաժարական չի տալիս, այլև ընդդիմանալու խղճուկ փորձ կատարելուց հետո նույնիսկ դահլիճից չի հեռանում, հնազանդ և ծեծված մնում է տեղում:
ԿԳՄՍ դոկտոր, պրոֆեսոր նախարարը նույնպես մտավորական է, մարդ, որ նախ և առաջ պետք է զբաղվի կրթության հարցերով: Ի՞նչ օրինակ է ցույց տալիս այս մարդը բազմաթիվ երիտասարդների՝ ուսանողների և աշակերտների: Հնազանդության, սեփական անձը չհարգելու, անողնաշարության նպատակը բոլորն են հասկանում. մարդը փորձում է ամեն գնով պահպանել պաշտոնը այն կառավարությունում, որը տապալել է երկրի համար կարևորագույն բոլոր հարցերի լուծումը: Արդյո՞ք սա տարօրինակ պահվածք է մեր հանրության համար: Բնավ ո՛չ: Դժբախտաբար այսպես ենք վարվել միշտ: Ահա թե ինչու Հայաստանում հնարավոր դարձավ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անսահմանափակ, կոռումպացված իշխանությունը, ահա թե ինչու են շատերը համակերպվել Նիկոլ Փաշինյանի մեղմ ասած անհամարժեք, հիստերիկ, երկրի համար կործանարար գործելակերպին: Չհամակերպվողները օրեր, ամիսներ, տարիներ կռիվ են տալիս, հետո ընտրում են արտագաղթի ուղին, այսինքն` համակերպվողների բազմությունը դուրս է մղում նրանց, ովքեր պահպանում են արժանապատվության փշրանքները:
Ամփոփենք. Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ուժի ցուցադրությունը թշվառ մի տեսարան էր, խիստ բնորոշ նրա համար: «Ինտելեկտուալ ապուշի» հրապարակային ճիպոտահարությունը վարչապետի ժ.պ.-ին հաճույք էր պատճառում, սեփական անձը կարևորելու հերթական փորձն էր: ԿԳՄՍ նախարարից էլ որևէ սպասելիք չունենք: Նա այս իշխանության դասական ներկայացուցիչն է՝ կամազուրկ, մեկ անձի քմահաճույքից կախված: Գիտական աստիճանն ու կոչումն են ափսոս և մեկ էլ այն, որ այս մարդը թղթերով մտավորական է:
Զարուհի Գաբրիելյան