...

Хочешь похоронить дело- создай комиссию!

Хочешь похоронить дело- создай комиссию!

«Ուզում ես գործը թաղել՝ հանձնաժողո՛վ ստեղծիր»,- ասում են ռուսները: Իսկ որ ճիշտ են ասում, համոզվել ենք հենց մեր մաշկի վրա: Շատ հեռու մի՛ գնացեք: Հիշեք մեր ԱԺ-ում ստեղծված երկու հանձնաժողովների աշխատանքի արդյունքները: Մեկը քննում էր 2008թ. մարտի մեկի իրադարձությունները, մյուսը՝ 2016թ. ապրիլյան քառօրյան: Արդյունքները, իհարկե, չեք հիշում, որովհետև երկուսն էլ հաջողությամբ պարտակեցին խնդիրները, այսինքն՝ թաղեցին գործը: 

Հիմա էլ ուզում են ստեղծել 2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով: Նիկոլ Փաշինյանը բնավ դեմ չէ, ավելին՝ այսօր իմացանք, որ դրա կազմի մեջ է ուզում խցկել իր հետ պարբերաբար հանդիպող արտախորհրդարանական ուժերից երեքի ներկայացուցիչներին: Ի՞նչ են անելու Նիկոլին հավատարիմ մարդ-կուսակցությունների անդամներն այնտեղ: Ճիշտ եք, օգնելու են ավելի խորը թաղել վարչապետի մեղքը, որը չի սահմանափակվում պատերազմի 44 օրերով: Մեր պետության պարտությունն սկսվել էր դրանից շատ առաջ և շարունակվում է հիմա:

Զուր եք չարչարվում, թուղթ ու թանաք ծախսում, որովհետև 2020-ի պատերազմի գնահատականը տալու են անաչառ պատմաբանները և անպայման ուշադրություն են դարձնելու այսօրվա իշխանության ղեկավարի անձնական բարդույթներին: Մանավանդ որ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, լիուլի խոստովանություններ է արել այս առիթով: Եթե վերցնենք դրանցից միայն մեկը՝ թե պատերազմից չխուսափեց, որ դավաճան չկոչվի, արդեն բավական է իրերի դրությունը ճիշտ պատկերացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը ոչ թե ադրբեջանցիների կամ թուրքերի դեմ էր պայքարում, այլ իր նախորդների, հատկապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի: Նրան անհրաժեշտ էր աննախադեպի իր բարդույթը բավարարել.

1.    Աննախադեպ դեմոկրատ լինել՝ հրապարակում ճչալով, թե Հայաստանն ունի 3 միլիոն վարչապետ, թե բոլոր հարցերը լուծելու է ժողովրդի հետ խորհրդակցելուց հետո.

2.    Աննախադեպ ազգային լինել՝ ճռճռացնելով Սևրի անգո դաշնագիրը և ի լուր աշխարհի հայտարարելով՝ Արցախը Հայաստան է, և վերջ.

3.    Աննախադեպ ինքնուրույն լինել՝ պնդելով, թե արցախյան հարցի բանակցություններն սկսելու է ի՛ր կետից և փաստորեն հրաժարվելով դրանցից.

4.    Աննախադեպ հաղթանակ տանել՝ ՔՊ կամավորական ջոկատներով:

Աննախադեպությունների թվարկումը կարելի է շարունակել, բայց մենք դա չենք անի: Այսքանն էլ է բավական: Իսկ անաչառ պատմաբաններն արձանագրելու են հետևյալ փաստերը. 

1.    Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանն ու Արցախը հաղթել են 90-ականների գրեթե քառամյա պատերազմում:

2.    Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հայկական դիվանագիտությունը կարողացել է Հայաստանը զերծ պահել ագրեսոր որակվելուց և միջազգային սանկցիաների ենթարկվելուց: 

3.    Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը հաղթած պետություն էր:

Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը ներկայացվելու է այսպես.

1.    2018- հեղափոխական լոզունգները փուչիկ էին, որովհետև ոչ մի նորմալ բարեփոխում երկրում չիրականացվեց:

2.    2020- պատերազմը սանձազերծվեց երկրի ղեկավարի ապաշնորհության և անձնական բարդույթների պատճառով:

3.    Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը պարտված պետություն է:

Ուստի արձանագրենք՝ կարող եք տասնյակ, անգամ հարյուրավոր հանձնաժողովներ ստեղծել՝ պարտվածի և դավաճանի խարանից պրծնելու համար, բայց փաստը մնում է փաստ. ձեր սև գործը թաղել չեք կարող:

Զարուհի Գաբրիելյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1218 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ