...

Լավ պահեք Աղվան Հովսեփյանին

Լավ պահեք Աղվան Հովսեփյանին

Երեկ գիշեր ինքնասպան է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2003-2008 թվականներին: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի ոստիկանապետն էր Մարտի 1-ին և ժողովրդի բողոքի ձայնը արյան մեջ խեղդելու նպատակով ստեղծված գաղտնի շտաբի անդամը: Նա ծայրից ծայր տիրապետում էր ամբողջ տեղեկատվությանը, թե երբ, ովքերով և ինչ միջոցներով է որոշվել ու իրականացվել Մարտի 1-ի սպանդը: Նման ինֆորմացիայի տիրապետում էին և դեռ տիրապետում են ընդամենը մի քանի հոգի:

Նրանցից 4-ը՝ Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը, ներկայումս ունեն ամբաստանյալի կարգավիճակ և այլևս շատ ամուր թելերով են կապված գլխավոր ամբաստանյալի հետ:
ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը մահացել է և այլևս վտանգ չի ներկայացնում:

Սերժ Սարգսյանն ունի միայն վկայի կարգավիճակ: Բայց ցանկացած պահի կարող է ներգրավվել որպես մեղադրյալ, քանի որ չի համագործակցում նախաքննության հետ և հանդիսանում է Մարտի 1-ի գլխավոր շահառուն: Առանց գլխավոր շահառուի կամքի դժվար թե գործը գլուխ գար:

Տիգրան Թորոսյանն այդ գաղտնի շտաբի անդամ էր դարձել զուտ ի պաշտոնե: Նա լուրջ ֆիգուր չէր և նրան կարող էին չտեղեկացնել օպերացիայի բոլոր մանրամասների և դետալների մասին:

Վարդան Օսկանյանը նույնպես առաձնապես ազդեցիկ գործիչ չէր և նրա վրա դրված էր միայն դեսպաններին խաբելու և ապատեղեկատվություն տարածելու հանձնարարությունը:

Հովիկ Աբրահամյանը նեղացած էր Սերժ Սարգսյանից, բայց ոչ Ռոբերտ Քոչարյանից: Նրանք շարունակում են միմյանց հետ ունենալ նաև բիզնես շահեր: Բացի դրանից, իրավապահ մարմինները բազում քրեական գործեր են հարուցել Աբրահամյանի ընտանիքի և մտերիմների վերաբերյալ: Ասում են, որ նա այժմ ունի նաև ֆինանսական խնդիրներ: Այսինքն՝ Քոչարյանը կարող է հեշտ շահագրգռել և հանգիստ լինել Աբրահամյանի մասով:

Լրիվ այլ է իրավիճակը Աղվան Հովսեփյանի մասով: Վերջինս չունի կարգավիճակ Մարտի 1-ի գործով: Միգուցե հարցաքննվել է, բայց ոչ ավել: Ակնհայտ է՝ Մարտի 1-ի գործով նախկին նախաքննության մարմինը վերացրել է շատ իրեղեն ապացույցներ, սակայն այսօրվա նախաքննությանն արդեն շատ բան է պարզ: Դժվար կլիներ դրանց վերականգնումն առանց Հովսեփյանի օժանդակության: Թերևս նաև դրանով է պայմանավորված գործող իշխանության լոյալ վերաբերմունքը Հովսեփյանի նկատմամբ: 

Հայկ Հարությունյանը եթե ինքնասպան լիներ, կթողներ նամակ: Նամակ, որում կասվեր, որ կողմերից մեկը իր վրա ճնշումներ է բանեցնում: Բայց չկա նամակ, ուստի ինքնասպանության վարկածն այնքան էլ իրատեսական չէ: Գործող իշխանությունը պետք է շատ լուրջ վերաբերվի Հովսեփյանի անվտանգությանը: Ինքը Հովսեփյանը նույնպես պետք է հետևություններ անի Հայկ Հարությունյանի մահից: 

Արիս Վաղարշակյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   7099 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ