Դեկտեմբերի 16-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին և դատավորը մերժեց այդ միջնորդությունը:
«ՉԻ». Մենք ուղղակի հիշեցնենք, թե ինչն էր ինքնաբացարկի հիմք հանդիսացել Քոչարյանի փաստաբանների համար:
Պարզվում է, որ դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում լայքել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ:
Հալալ է Քոչարյանի փաստաբաններին. մինչև վերջին խազը որոշել են կլպել իրենց պաշտպանյալին: Բացարկի միջնորդությունների այնպիսի հարուստ դաշտ են բացել, որ մինչև 2050 թվականն էլ չի ավարտվի:
Հատ-հատ ստուգելու են դատավորների ազգուտակի ֆեյսբուքյան, թվիթերյան, ինստագրամյան էջերը, խորհուրդ կտանք հետևել նաև նրանց «Ադնակլասնիկներին», «ՎԿոնտակտիներին», կարելի է նաև Whats up-ն էլ մանրադիտակի տակ վերցնել:
Մենք չգիտենք, թե ինչպես են վճարվում Քոչարյանի փաստաբանները, բայց եթե ժամավճարով է, ապա միայն նախանձել կարելի է, թե ինչ փողի պուլիկ են գտել:
Իսկ դատավոր Լուսինե Աբգարյանի եղբոր բախտը բերել է. բա որ Սերժ Թանկյանի ստատուսը սրտիկեր, Քոչարյանի փաստաբանները միանգամից Եվրոդատարան կդիմեին:
«Չորրորդ իշխանություն», 14, 2019