...

Մանդատները վերցնելու է

Մանդատները վերցնելու է

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները հրապարակվելուց հետո, համաձայն որի ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն է ունենալու, քոչարյանամերձ հատվածից կոչեր են հնչում, որ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չվերցնեն իրենց հասանելիք մանդատները:

Մասնավորապես, փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է. «Ըստ մեր օրենսդրության, խորհրդարանը չի կարող չունենալ ընդդիմություն: Մանդատներից հրաժարվելու դեպքում, դրանք չեն կարող փոխանցվել 4-րդ կամ 5-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերին: Առաջանում է սահմանադրական ճգնաժամ, որի լուծումը Սահմանադրությամբ նախատեսված չէ: Ազգային օրակարգի պահպանման համար այդ ճգնաժամը կունենա մեծ նշանակություն: Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին մինչև վերջ հասցնել իր ազգակործան ծրագիրը»:

Մեր կարծիքով, Քոչարյանը սուսուփուս վերցնելու է մանդատները: Գուցե մի քիչ նազուտուզ անի, դժգոհություն հայտնի, մուննաթ գա, բայց վերցնելու է: Եվ ոչ միայն նրա համար, որ ճար չունի: Ավելի հավանական է, որ նա սպասելու է, որ այս տարածաշրջանում շահեր ունեցող երկրները, գերտերությունները Նիկոլից պոկեն այն ամենը, ինչն իրենց պետք է: Տեսականորեն, եթե Քոչարյանը հիմա իշխանության գա, ստիպված պիտի իրականացնի նոյեմբերի 10-ի համաձայնագրով նախատեսվող կետերը, սահմանների դեմարկացիա, ճանապարհների ապաշրջափակում՝ կասկածելի միջանցքներով, բանով, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով: Մի բան, որը Փաշինյանն է անելու: 

Քոչարյանն իզուր տեղը գլուխը քարի տակ ինչի՞ դնի: Ֆինանսների խնդիր չունի: Ռեսուրսների խնդիր չունի: Նստելու խնդիր էլ չունի: Կսպասի, մինչև Հայաստանից ու Արցախից պոկեն հնարավոր ամեն ինչ, այդ ընթացքում Նիկոլի դեմ հակաքարոզչության և ատելության մթնոլորտ կգեներացնի, հանրային բացասական վերաբերմունք կձևավորի, նոր դրանից հետո կսպասի, թե ինչ կասի Ռուսաստանը: Այնպես որ՝ կվերցնի մանդատները: 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ