Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանից ժամկետներ է ակնկալում ստանալ, թե երբ կգործարկվի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»: «Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ: Պատերազմի ժամանակ կային ուժեր, որ փորձում էին կանգնեցնել մեզ, ի դեպ, դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, սակայն չկարողացան կանգնեցնել մեզ: Ես ասում էի, որ մեզ հայտնեն ամսաթիվը, թե երբ կազատեն մեր հողերը, և մենք կդադարեցնենք: Այսօր նույնն եմ ասում: Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Ալիևը։
Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանել Ալիևի հայտարարությունները։ Առհասարակ, վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին Հայաստանի իշխանությունները չեն անդրադառնում։ Կամ ժամանակ չունեն (ժողովրդավարություն են կառուցում), կամ էլ չլսելու են տալիս՝ հակադարձում չունենալու պատճառով։ Իշխանության լռությունը լցնում են քաղտեխնոլոգները, ֆեյսբուքահայերն ու առհասարակ ով պատահի։ Այս անգամ բարձր է հնչել ադրբեջանցիների պորտը սաստիկ ձևով տեղը դրած, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով Գորիսից պատգամավոր դարձած, ապա պատերազմից հետո մանդատից հրաժարված Տիգրան Կարապետյանի ձայնը։ Նա իր հակադարձումն անգամ վերնագրել է․ «Երեք մատի կոմբինացիա»։ «Համացանցում ակտիվ տարածվում է մեհրիբանի նախավերջին ամուսնու հերթական ցնդաբանությունը կապված «միջանցքի» հետ, որտեղ վիլայեթի ժ/պ ն սպառնում է «միջանցք» չտալու դեպքում ուժով բացել այն և հորդորում հոժարակամ բացելու վերջնաժամկետ սահմանել: Թուրքական կազինոներում մեծացած ու «բլեֆի» արվեստին այդպես էլ չտիրապետած игрок-ը փորձում է բլեֆ-շանտաժային հերթական խաղով ստանալ թուրքական աշխարհի երազանքը: Բլեֆն ու շանտաժը չի անցնելու հեյդարի որդի, որովհետև դու ստանալու ես Մեծ Համահայկական երեք մատի կոմբինացիա»: Ի դեպ՝ Տիգրան Կարապետյանը Վիքիպեդիայի էջում ներկայացված է որպես պետական գործիչ և մինչ օրս էլ շարունակում է մնալ պատգամավոր։ Ճիշտ կլիներ, ստատուսներ գրելու արանքում նախկին պատգամավորը իր Վիքիպեդիայի էջը ափդեյթ աներ։ Թե չէ Ադրբեջանը կարող է սա Երևանի պաշտոնական պատասխան դիտարկել և համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Գոհար Վեզիրյան