«Հայաստանում թավիշը եղել է նախկինում, և ոչ թե՝ 2018 թվականի իրադարձություններից հետո։ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է՝ որպես «Նիկոլ Ավերիչ»»:
Վերջին երկու տարվա վերաբերյալ սպառիչ գնահատականի հեղինակը Աժ հանրապետական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանն է:
«ՉԻ». Ընդհանրապես պետք է արձանագրել. հանրապետական նախկին պաշտոնյաները շատ լավ նյութ են կորոնավիրուսն ուսումնասիրող գիտնականների համար: Նրանց հետազոտելու դեպքում հնարավոր է հայտնաբերել, թե կոնկրետ ինչ ազդեցություն է ունենում հիվանդությունը տրամաբանության վրա: Կարելի է դիմել Առողջապահության միջազգային կազմակերպությանն ու նրանցից ոմանց փոխանակել դիմակներով ու ձեռնոցներով: Դրանով նրանք մասնակի կփոխատուցեն այն ավերիչ վնասները, որ հասցրել են պետությանը իրենց ապիկար իշխանության տարիներին:
Կարինե Աճեմյանը թավիշ ասելով թերևս նկատի ունի, որ Մարտի 1-ին ընդամենը 10 հոգու գնդակահարեցին: Կարող էին, չէ՞, մի քանի հարյուրի գնդակահարել:
Թավիշ էր, հակառակ պարագայում 100-ից ավել քաղբանտարկյալ ունենալու փոխարեն կունենայինք մի քանի հազար:
Թավիշ չէր, բա ի՞նչ էր: Էլեկտրիկ Երևանի ժամանակ կարող էին ոչ միայն լրագրողներին տեղը տեղին ծեծել, այլ նաև կալանավորել:
Եթե թավիշ չլիներ, 2016 թվականի իրադարձությունների ժամանակ կարող էին հանել 17-ամյա երիտասարդի երկու աչքը և չբավարարվել միայն մեկով:
Թավիշը պոզով-պոչո՞վ է լինում: Կարող էին, չէ՞, 10000 դրամի փոխարեն պարզապես ծեծելով տանել ընտրատեղամաս և ստիպել քվեարկել Աճեմյանի կուսակցության օգտին: Բայց իրենք թավշոտ են եղել ու մեծահոգի:
Իսկ Երանոսյան Լյովան ընդհանրապես թավշյա ոստիկանի մարմնացումն է: Կարող էր, չէ՞, նռնակի փոխարեն միանգամից գրադով կրակել ժողովրդի վրա: Բայց թավշյա Սերժ Սարգսյանը թույլ չտվեց:
Ամեն դեպքում, դեռ ուշ չէ, ազգային անվտանգության մարմինները պետք է խուզարկություն անեն Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի օֆիսում: 1 տոննա թմրանյութը դժվար գտնեն, բայց հաստատ մի բան մնացել է, հակառակ պարագայում այսպիսի մտքեր չէին արտաբերի: