...

Մերժել դրսի սպասարկուներին

Մերժել դրսի սպասարկուներին

Նախկին ռեժիմը տևական ժամանակ փնտրտուքներ մեջ էր: Գտնել մեկին, որ կարողանա նրա միջոցով ձեռնոց նետել գործող իշխանությանը: Իրենք էլ հասկացան, որ դա չի կարող լինել Քոչարյանի կամ Սարգսյանի դեմքով: Չի կարող լինել նաև փեսայի կերպարանքով: Մինասյանը, իհարկե, տաղանդավոր մանիպուլյատոր է, բայց դեռևս չի սովորել ջնջել անցյալը: Կան էլի թեկնածուներ, բայց այս պահին առաջատարը ԱԱԾ պետն է: Նախկին ռեժիմի պիառշիկները հանձն են առել նրանից կերտել կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ մարտիկի, որ պատվով կկատարի Փաշինյանի այլընտրանքի «հասարակական պահանջը»: Որոշ ժամանակ հետո, Վանեցյանը ինչ-որ «բացահայտումներ» կանի, որոնց գլխավոր մեսիջը կլինի` ինքը ուզում էր վերջ տալ կոռուպցիային, բայց Փաշինյանը խանգարում էր:  

Վանեցյանից այլընտրանք կերտելու նախկինների ջանքերը գալիս են ևս մեկ անգամ հաստատելու՝ նրանք ոչինչ չեն հասկացել, թե ինչու տեղի ունեցավ 2018-ը, ինչու ժողովուրդը ըմբոստացավ և իրենց դուրս շպրտեց կառավարական առանձնատներից: Նրանց համոզմամբ, դա իրենց վատ պիառի և Փաշինյանի լավ պիառի արդյունք էր: Նրանց համոզել են, որ եթե իրենք էլ ակտիվ լինեն սոցիալական ցանցերում, հաճախ նկարվեն ընտանիքի անդամների հետ, ապա մի բան դուրս կգա: Մինչդեռ հասարակությունը մերժեց օտարին ապավինող, դրսից դաբրո և լեգետիմություն ակնկալող և մուրող ուժերին: 

Երեկ Վանեցյանը լուսանկար հրապարակեց, որտեղ նա թևանցուկ էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ: Կից կար նաև ծննդյան առթիվ շնորհավորական խոսք, որտեղ Կադիրովը Վանեցյանին անվանում է Ռուսաստանի մեծ բարեկամ: Փորձենք հասկանալ, թե ինչ արդյունքներ են ակնկալում նախկին ռեժիմի պիառշիկները նման տեխնոլոգիաներ կիրառելով: Մեկ տարի է, ինչ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորում է Քոչարյանի ծնունդը, կնունքը և ատամհատիկը, բայց այն որևէ ազդեցություն չի թողնում հայ ժողովրդի վրա: Հիմա ի՞նչ ազդեցություն պետք է թողնի նրա ֆեոդալի համատեղ լուսանկարը Վանեցյանի հետ: Զրո ազդեցություն:

Այդ լուսանկարը ուրիշ մեսիջ է պարունակում: Կրեմլը Քոչարյանին և Սարգսյանին հստակ բացատրում է՝ իրենց ռեսուրսները պետք է այլևս ծառայեցնեն Վանեցյանի վարկանիշի համար: Նմանատիպ զոնդաժների միջոցով փորձ է արվում հասկանալու՝ հնարավոր է արդյո՞ք ԱԱԾ նախկին պետի շուրջ համախմբել Հայաստանի ռուսամետ ուժերին: Եվ որքան ազդեցիկ կլինեն նրանք և կկարողանան ձեռնոց նետել իշխանություններին:

Հասարակության պատասխանը պետք է լինի միանշանակ՝ անկախ գործող իշխանության որոշակի ձախողումներից, թույլ չի տա, որ դրսից մեզ պարտադրվի ընդդիմություն: Այդ ընդդիմությունը պետք է ծնվի Հայաստանում և սպասարկի միմիայն հայաստանցիների շահերը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ