...

Վանեցյանը ձախողեց իր ամենակարևոր առաքելությունը

Վանեցյանը ձախողեց իր ամենակարևոր առաքելությունը

Երեկվանից նախկին իշխանությունների ներկայացուցիչները ողբի մեջ են: Փաշինյանը պաշտոնանկ է արել կառավարության ամենապրոֆեսիոնալ կադրին: Իհարկե, մի փոքր զավեշտալի է դա լսել մարդկանցից, ովքեր բողոքում էին նույն ԱԱԾ աշխատանքից՝ նրա գործունեությունը ներկայացնելով իբրև քաղաքականապես ուղղորդված: Դե բայց, նրանց կատարմամբ զավեշտն արդեն վաղուց չի զարմացնում հանրությանը: Նույն նախկինների մեդիաները և հաստիքային ստատուսչիները նաև փորձում են ներկայացնել, որ ԱԱԾ-ն անցած 1.5 տարվա ընթացքում մեծ հաջողությունների է հասել, և Փաշինյանը հեռացրել է գրեթե իր վարկանիշին հավասար գործչի:

Եկեք հասկանանք՝ որքանով է դա մոտ իրականությանը:

Սերժ Սարգսյանի ժամանակ ԱԱԾ-ն այնքան վատ է կատարել իր վրա դրված պարտականությունները, որ անգամ փոքր տեղաշարժերը մեծ ժողովրդականություն կբերեին Նոր Հայաստանի ԱԱԾ ցանկացած պետին: Մինչդեռ երկրի ղեկավարի գաղտնալսումը միանշանակ ձախողում էր և պատիվ չէր բերի անգամ Սարգսյանի ժամանակների անվտանգության ծառայության սպաներին:

Մարտի 1-ի գործը: Փորձ է արվում դրա բացահայտումը նույնպես վերագրել միայն ԱԱԾ-ին: Այն, որ այսօր ունենք դատարան հասցված գործ, ավելի շատ ՀՔԾ քննիչների, լուծարված փաստահավաք խմբի ժառանգության և իշխանության ստվերային իրավաբանների աշխատանքի արդյունքն է: Իսկ այն, որ ԱԱԾ-ն չկարողացավ կանխել այդ գործի մի շարք առանցքային վկաների անհետացումը և փախուստը, ձախողումից բացի այլ կերպ հնարավոր չէ որակել: ԱԱԾ-ն չկարողացավ նաև իրականացնել այդ կարևորագույն գործի դատավորների «մեկուսացումը»: ԱԱԾ-ն էր, որ պետք է չեզոքացներ բոլոր այն մարտահրավերները, որ սպառնում էին Քոչարյանի գործով դատավորներին: Իշխանության՝ դատական համակարգի գործերին չխառնվելը քիչ էր անկախ դատարան ունենալու համար: ԱԱԾ-ն պետք է կարողանար այնպես անել, որ նախկին իշխանությունները չկարողանային ստվերային միջոցներով ազդեին դատարանի վրա: 

Գործող իշխանությունն անընդհատ ասում է, որ նախկին իշխանությունները գործարքի մեջ են մտնում դատավորների հետ, սակայն առ այսօր ԱԱԾ-ն չի կարողացել կամ չի ցանկացել բացահայտել նման մի դրվագ: Դատավորները նույնպես մսից և արյունից են: Տեսնում են, որ իշխանություններն իրենց ոչինչ չեն ասում: Մյուս կողմից հայտնվում են մարդիկ, որոնք ֆինանսական գայթակղիչ առաջարկներ են անում՝ չմոռանալով նաև ահաբեկել, որ հետ ենք գալու իշխանության և առաջարկը չընդունելը վատ հետևանքներ է հետագայում առաջացնելու չհամագործակցած դատավորների համար: Դատավորը տեսնում է, որ իշխանությունը կամ չի կարողանում կամ չի ցանկանում դա կանխել: Ուստի գնում է գործարքի՝ հաշվի առնելով ֆինանսական և անվտանգային գործոնները: 

Հայաստանի ապագայի համար Մարտի 1-ի դատավարությունը չափազանց մեծ կարևորություն ունի: Իսկ Վանեցյանը ձախողեց իր փայ գործի իրականացումը:

Ինչ վերաբերում է վարկանիշին: Լավ է, թե վատ, բայց ներկայումս իշխանության ցանկացած գործչի վարկանիշի աղբյուրը վարչապետն է: Նրա քաղաքական կամքի շնորհիվ է, որ հատկապես ուժային կառույցների ղեկավարները կարող են ունենալ կամ չունենալ վարկանիշ: Միայն ապագան ցույց կտա՝ Վանեցյանն ունի սեփական վարկանիշ, թե դա ուրիշի կողմից տրված քվոտա էր:

Արիս Վաղարշակյան

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

ՎԱՐԿԱՆԻՇ

   7781 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ