«Բայց ուրիշ ի՞նչ աներ Ռուսաստանը, եթե Հայաստանը անմիտ քարի նման ընկած է Հարավի ու Հյուսիսի, Արևմուտքի ու Արևելքի ճանապարհին։ Ի՞նչ է լինում պարտիզպանի շան կամ դեզի վրա նստած շան հետ, որը ոչ ինքն է ուտում, ոչ ուրիշին է մոտ թողնում։ Պարտիզպանի շան հետ լինում է այն, որ կա´մ սովից սատկում է, կա´մ տալիս սատկացնում են»։
Վանո Սիրադեղյան (Ավետիս Հարությունյան), Հայկական թալիբան, վերջաբանի փոխարեն
Սա էլ է 20 տարի առաջ Վանոն գրել։ Սա մեր կերպարն է։ Պարտիզպանի շունը։ Որին կա՛մ սովամահ են անում, կա՛մ սատկացնում։
Վանոն սա գրել է այն ժամանակ, երբ հաղթողականները ջանք ու եռանդ չէին խնայում Հայաստանն աշխարհից դուրս դնելու համար։ Որովհետև ստատուս քվոն էր միայն ձեռնտու։ Ո՞ւմ։ Ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին։ Իրե՛նց էր պետք։ Դա՛ էր Հայաստանն ասպատակելու գրավականը։
Հաղթողականների գլուխգործոցը՝ Նիկոլ Փաշինյանը, 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում գոռում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ։
Թե ինչ եղավ հետո, գիտեք։
Եվ երկու օր առաջ պետության փաստացի ղեկավարն ի լուր աշխարհի հայտարարում է՝ գուցե մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ մենք լուրջ ենք ընդունել մեր անկախ պետականությունը։ Հետն էլ թուրքերին հարցնում է՝ ուզո՞ւմ են շարունակել հայոց ցեղասպանությունը, թե՞ չէ։
Իսկ նրա կուսակիցներն ու 5-րդ շարասյունը լռում են։ Ո՞ւր է ինքնիշխանության ձեր դրոշը, պարոնա՛յք Արամ Սարգսյան, Լևոն Շիրինյան և այլք։ Կամ ինչո՞ւ են լռում կարկառուն այն ՔՊ-ականները, որոնք ԱԺ ամբիոնից անարգանքի սյունին էին գամում Ռուսաստանը։ Հը՞։ Օրումեջ Վազգեն Սարգսյանի անունով երդվողներդ որտե՞ղ եք․ Հայաստանի անկախությունն են անլուրջ համարում։ Դո՛ւրս եկեք թաքստոցներից։ Кишка тонка?
Քաղաքական վերլուծագանգերն իրենց պատռում են։ Աշխարհի առջև պահանջներ են դնում, ռուսներին խելք են սովորեցնում, իրենց շահերն են բացատրում, մեղադրում ամեն ինչի համար, տարակուսում են Արևմուտքի լռությունից, Բայդենին նամակ են գրում։ Աշխարհը, սակայն, մեզ անգամ շա՛ն տեղ չի դնում։ Որովհետև մենք տեղ չենք թողել։
20-րդ դարի սկզբից մինչ օրս մեր պատմության ամենալուսավոր տարիներն 90-ականներն էին։ Այո՛, Արցախյան առաջին պատերազմի դժվարին տարիներին աշխարհը մեզ հետ հաշվի էր նստում, որովհետև երկրի ղեկը կիսագրագետ, նեղճակատ, միայն անձնական հավակնություններով գոյատևող մարդկանց ձեռքին չէր։ Ճիշտ հակառակը։ Երևի մեզ համար սա պատահականություն էր, ախր բնավ հայի նման չէին մտածում, օրական 10 անգամ չէին գոռում, որ ազգային են, աշխարհին դաս չէին տալիս, ժողովրդին սեր չէին խոստովանում, սուսուփուս Արցախն էին ազատագրում, Հայաստանն էին պետություն դարձնում, որ հետո զրպարտվեն և դուրս մղվեն ասպարեզից։
Դեռևս 1997-ին է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել․ «Փոխզիջման էությունից բացի կարևոր է նաև փոխզիջման պահը։ Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը։ Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբևէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»։ Լսեցի՞նք։ Երբ բաց, առանց ճշմարտությունը թաքցնելու ասաց․ «Ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։ Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը։ Մենք ենք լուծելու, և լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով։ Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է»: Հասկացա՞նք։
Եվ արկածախնդրությունը դարձավ պետական քաղաքականություն, որպեսզի վերջում մեղավոր դառնա անկախությունը։ Բացատրենք։ Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության գալուց հետո փաստորեն վիժեցրեց բանակցային գործընթացը, դավաճանի պիտակից զերծ մնալու համար զոհաբերեց Արցախն ու հազարավոր տղաների կյանքը, փնտրեց մեղավորների ամեն տեղ և վերջապես գտավ․ անկախությունն է մեղավոր։ Մի անգամ էլ բացատրենք։ Նա պատրաստ է զիջելու նաև Հայաստանը, միայն թե մնա իշխանության։ Նրա համար տարբերություն չկա, թե ում է զիջելու, չնայած մեծ ընտրություն չունի, ընդամենը Ռուսաստանն ու Թուրքիան են։
Իսկ երկիրը ոչ ոքի պետք չէ։ Մի երկիր, «որ անցյալը որպես նվիրական դի կրում է շալակին» (Վանո)։
Զարուհի Գաբրիելյան