...

Մի՛ կեղծեք. հերիք է

Մի՛ կեղծեք. հերիք է

Նախ և առաջ. որտեղի՞ց եք գտել 30 տարին: Անկախ Հայաստանն ընդամենը 29 տարեկան է: 91-94 թթ. պատերազմ էր: Այսինքն՝ երկրի «նորմալ» կյանքից հանեք 4 տարի:

94-ին անժամկետ հրադադար կնքվեց, ստորագրեցին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Ընդգծում եմ Արցախը: Բայց պատերազմը չէր ավարտվել: Հրադադարը խաղաղության պայմանագիր չէ: Սա ընդունե՛ք վերջապես:

Բանակցությունները ծանր էին: Հայկական կողմերը, ընդգծում եմ ԿՈՂՄԵՐԸ, ուժեղ էին, հաղթողի դիրքերում, բայց կանգնած էին ոչ միայն Ադրբեջանի, այլև միջազգային հանրություն, այսինքն՝ մեծ տերությունների շահերի բախման կետում: Արցախի հարցի լուծման և երկարաժամկետ խաղաղության հասնելու պայմանագրի տարբերակը, որ ցայսօր մնում է մեզ առաջարկվածներից լավագույնը, ՀՀ նախագահը 1997 թվականին ազնվորեն ներկայացրեց հայ հանրությանը:

1997 թվականին մերժվեց արժանապատիվ խաղաղությունը, որը կարող էր Հայաստանը դարձնել տարածաշրջանի լիարժեք պետություն, ոչ թե մեծ տերությունների առևտրի առարկա:

1998-ին Նախագահը, հայտնի ուժերի պահանջով, հրաժարական տվեց՝ զգուշացնելով վերահաս աղետի մասին:
Երկարաժամկետ խաղաղություն, Հայատանի և Արցախի տնտեսական, ռազմավարական և ռազմական հզորացում ապահովող ծրագիրը տապալվեց՝ հռչակվելով ապազգային, դավաճանական և այլն: Ազգն ընտրեց արկածախնդրության ուղին: 

1998 թվականից իշխանության եկան հայտնի ուժերը՝ հանրության մի ստվար հատվածի աջակցությունն ունենալով: Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմության մասին չէ խոսքս, այլ այսպես կոչված՝ «հաղթողական» ծրագրի: Ի դեպ, «հաղթողականներին» ուղղակի կամ անուղղակի սատարում էր նաև այն ժամանակ երիտասարդ լրագրող Նիկոլ Փաշինյանը: Նա ընդդիմադիր էր ՀՀ առաջին նախագահի իշխանությանը: Սա՝ ի գիտություն:

Բանակցություններից շատ արագ դուրս մղվեց Արցախը: Հիմնավորումը գտան. ՀՀ նախագահը արցախցի էր: Այս, մեղմ ասած, տկարամտության հետևանքն այն էր, որ հայկական երկու ձայնի փոխարեն մենք «նվաճեցինք» մեկը: Բայց սա դեռ վերջը չէր: 

Բանակցությունները գաղտնի էին: Հանրությունը կցկտուր տեղեկություններ էր ստանում պաշտոնական աղբյուրներից, որոնք պարուրված էին ազգասիրական պաթոսով: Այնինչ՝ մեզ առաջարկվող տարբերակները նախորդի համեմատությամբ ավելի ու ավելի էին հեռանում երկրի շահերին համապատասխան լինելուց: Այսպես, շատ արագ պարզվեց, որ Ռ. Քոչարյանի իշխանության հենց սկզբից սեղանին է դրվել Մեղրիի հարցը: Այն մերժել էին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը: Ընդգծենք՝ մինչ այդ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ հատված սակարկության առարկա չի եղել:

Հետո բանակցությունների երկար ու ձիգ տարիները գրեթե ոչինչ չէին փոխում: Ադրբեջանը ձգձգում էր նույնիսկ իր համար շահավետ տարբերակների քննարկումը, մերժում էր՝ քաջ գիտակցելով, որ Հայաստանը թուլանում է թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես:

Մինչ մեր հարևանները և թշնամիները զբաղված էին նոր նավթամուղներ և միջպետական ճանապարհներ կառուցելով, որոնք, անշուշտ, բարձրացնում էին նրանց միջազգային դերն ու նշանակությունը, մենք զբաղված էինք սեփական երկրի ունեցածը մսխելով: Հայրենասիրական ճառերի պակաս չկար: «Հաղթողականները» հայտարարում էին, որ Արցախի հարցը լուծված է: Վերջ: Բայց պատերազմը չէր ավարտվել:

2016-ին մեզ փորձեցին: Մի կերպ դուրս պրծանք: Բայց նորից ընկանք նույն անհոգության գիրկը:

2017-ը մեր քաղաքական մտքի ամլության ամենավառ ապացույցը դարձավ: Եթե չեք մոռացել, խորհրդարանական ընտրություններ էին: Արցախյան հարցի մասին բաց և հստակ խոսում էր մեկ ուժ՝ Հայ ազգային կոնգրեսը, իսկ ավելի ճիշտ՝ մեկ քաղաքական գործիչ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա խոսում էր խաղաղության մասին, այն ժամանակ դեռևս հնարավոր նվազագույն կորուստներով: Սակայն խաղաղության հստակ ծրագիրը ստացավ ընտրողների ձայների մոտ 1,5 տոկոսը: Ահա, ընտրողների ճնշող մեծամասնությունը մերժել էր խաղաղությունը, ընտրողների ճնշող մեծամասնությանը երկրի համար կարևորագույն խնդիրը չէր հետաքրքրում: Ի դեպ, Ն. Փաշինյանն արդեն վաղուց էր փախել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժից, ամենայն հավանականությամբ քաղաքական կարիերան ավելի հաջող շարունակելու նպատակով: Իսկ 2007-2008 թթ. Նախագահի կողքին լինելը շահեկան ու պատվաբեր էր, որովհետև նա՛ էր ընդդիմադիր ամենահզոր ուժի առաջնորդը: Մի բան էլ: Ն. Փաշինյանը երբեք չի ներկայացրել Արցախի հարցի լուծման իր ծրագիրը՝ նախընտրելով տուրք տալ ընտրողների ականջին հաճելի լոզունգներին, օրինակ՝ Արցախը Հայաստան է, և վերջ:
Սա էր մեծամասնության ընտրությունը: Սա էր նաև ձեռնտու թշնամուն և այպես կոչված միջազգային հանրությանը: 

Արդյունքը տեսնում եք: Եթե մեր երկրի ղեկավարներն աստիճանաբար իրենք իրենց դուրս են դնում բանակցություններից, եթե մեր երկրի քաղաքական կամ մերձքաղաքական ուժերի համար Արցախը երկրի ներսում իշխանության հասնելու, իշխանություն պահելու մանրադրամ է դառնում, մեր փոխարեն որոշում են ուրիշները: Եվ այսօրվա իշխանություն-ընդդիմություն պայքարն արդեն դժբախտաբար մարզպանի՝ Ռուսաստանի նախընտրած թեկնածուն դառնալու համար է:

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3438 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ