Օրինակ՝ եթե մինչև ապրիլյան պատերազմն ասեին, որ յուրաքանչյուր աշխատող իր աշխատավարձից պետք է ամսական 1000 դրամ հատկացնի զոհված և վիրավոր զինծառայողների հիմնադրամին, շատերը կընդվզեին:
Ավելին, այդպիսիները գտնվեցին անգամ ապրիլյանից հետո: Հիմա իրավիճակ է փոխվել, սոցիալական ցանցերում և փորձագիտական շրջանակներում հնչում են տեսակետներ, որ այդ գումարը՝ կախված աշխատավարձի չափից, պետք է էականորեն աճի, և ոչ ոք չի ընդդիմանում: Չի ընդդիմանում, որովհետև շատերի աչքերը բացվեցին, շատերը հասկացան, թե որքան կարևոր է հոգ տանել երկրի անվտանգության համար զոհված և վիրավորված ընտանիքների սոցիալական կարիքների մասին:
Բայց կարծես բյուջե կազմողների համար առանձնապես բան չի փոխվել: Նրանք շարունակում են համառել և գտնել, որ պարգևավճարների ինստիտուտի պահպանումը չպետք է կասկած հարուցի: Պատերազմը պատերազմ, բայց, ինչպես ասում են, կեսարինը՝ կեսարին:
Կարելի է միայն զարմանալ այդ մարդկանց համառության և ինքնավստահության վրա: Այսինքն՝ իրենք մտածում են, որ հասարակությունը պատերազմից հետո անտարբեր կլինի և չի հաշվի, թե այդքան պարգևավճարի փոխարեն քանի ԱԹՍ կարելի է գնել:
Պետության ղեկավարը ինքը պարգևավճար չի ստանում, բայց և խնդիր պետք է դնի թե՛ սեփական թիմակիցների ու թե՛ ամբողջ պետական ապարատի առջև: Ով չի ցանկանում միայն աշխատավարձի դիմաց աշխատել՝ скатертью дорога:
Այն, ինչ տանելի էր խաղաղության պայմաններում, չի կարող թույլատրելի լինել պատերազմի կամ հետպատերազմյան ժամանակաշրջանում, երբ մենք խնդիր ենք ունենալու վերականգնել մեր խոցված սպառազինությունների արսենալը:
Եվս մեկ կարևոր հանգամանք: Պարգևավճարների համակարգը պետք է պահպանվի և ավելացվի մի շարք ոլորտների համար: Առաջին հերթին դա պաշտպանության նախարարությունն է: Հետո՝ բժշկական համակարգը:
Ճիշտ կլինի պարգևավճարների ինստիտուտը պահել նաև ոստիկանության, ԱԱԾ և ԱԻՆ համակարգերի համար:
Մնացածը պետք է բավարարվեն եղածով, մինչև պետությունը հնարավորություն ունենա իրեն ճոխություններ թույլ տալ:
Արիս Վաղարշակյան