...

Մի սեփականաշնորհեք հեղափոխությունը

Մի սեփականաշնորհեք հեղափոխությունը

Երեկ վարչապետը նորից վրդովվել էր: Պարզվեց, որ հեղափոխությունից իրավունք ունեն խոսել միայն ընտրյալները, որոնք հավաստագիր ունեն հեղափոխություն իրականացրած գուրուներից, այսինքն՝ իրենցից:

Վարչապետը մի քիչ խառն էր, չմանրամասնեց, թե որտեղ են անցկացվում դասընթացները, ովքեր են դասախոսները, ինչ տևողության կուրս է և որքան է ուսման վարձը: Կարծում ենք՝ առաջիկայում իշխանությունը ավելի մանրամասն հաղորդագրությամբ հանդես կգա, և շատերը կստանան այդքան անհրաժեշտ կրթությունը:

Հուսով ենք նաև, որ այնտեղ կդասախոսեն այնպիսի անվանի հեղափոխականներ, ինչպիսիք են Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը, Տիգրան Ավինյանը, Ռուստամ Բադասյանը, Վլադիմիր Վարդանյանը և այլք:

Ոչ ոք չի հերքում Փաշինյանի բացառիկ դերը հեղափոխության հաղթանակի առումով, բայց նա Սասունցի Դավիթը չէ և միայնակ չի հաղթել: Հայաստանի պատմությունը չի սկսվել 2018 թվականի մարտի 31-ից, դրան նախորդել են բազում իրադարձություններ, որոնք և նպաստեցին հեղափոխության հաղթանակին: Նախկին ռեժիմը մերժող միլիոնավոր հայաստանցիների քաղաքական տրամադրությունների ձևավորման մեջ Փաշինյանի և նրա կուսակիցների դերը նշանակալի է, սակայն միակը չէ: Փաշինյանը տարիներ առաջ՝ մասնավորապես 2015 թվականին, պնդում էր, որ պետք է մաշել ռեժիմի ռեսուրսները՝ վճռական պահին հարված հասցնելու համար: Այդ ռեսուրսները նա միայնակ չի մաշել: Շատ քաղաքական ուժեր շատ ավելի լուրջ ավանդ ունեն մաշեցման գործում:

Մոտավորապես այսպիսի վիճակ էր. շինարարական լուրջ աշխատանքներ էին արված, հիմք էր փորվել, ինչ-որ բան կառուցվել, մեծ քանակությամբ շինանյութ էր պահեստավորված, բայց ինչ-ինչ պատճառներով աշխատանքները կոնսերվացվել էին: Տարածքը ձեռք բերեցին գործող իշխանությունները և ավարտին հասցրեցին գործը: Հիմա, որքանով է համապատասխանում իրականությանը, թե զրոյից իրենք են կառուցել շենքը: Իհարկե, հյուրերին, որ առաջին անգամ են այցելում նորակառույց շենք, կարելի է թյուրիմացության մեջ գցել և պնդել, որ ամայի տարածքում իրենք զրոյից են աշխատանքները սկսել, բայց հարևանները գիտեն, որ այդպես չէ:

Կարելի է ևս մեկ այլաբանական զուգահեռ անցկացնել: Նախկին իշխանությունները ժողովրդից գողացել էին իշխանությունը: Հասարակությունը դիմեց Փաշինյանին և ընկերներին, որ նրանք վերադարձնեն այն օրինական տիրոջը: Փաշինյանենց հաջողվեց հետ վերադարձնել գողոնը, բայց չեն շտապում այն դարձնել համընդհանուր սեփականություն՝ պնդելով, թե այժմ իրենք են միակ օրինական տերերը:

Ընդհանրապես գործող իշխանությունները դաշնակիցներից հակառակորդներ ստանալու բնատուր տաղանդ ունեն: Նրանք արհեստականորեն իրենց համար թշնամիներ են ստեղծում՝ միևնույն ժամանակ չունենալով այնքան ռեսուրս, որ դիմակայեն նրանց:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1355 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ