«Ձեր գործընկեր կուսակցությունները, սակայն, չեն համագործակցում ձեզ հետ՝ ըստ ամենայնի հասկանալով, որ ժողովրդի կողմից մերժված եք, ու եթե ձեզ հետ համագործակցեն, ժողովուրդն իրենց չի ընդունի․ խոսքն ընդդիմադիր դաշտում այսօր նոր միավորման մասին է՝ երեք ուժերի՝ «Հայրենիք», ԲՀԿ եւ ՀՅԴ»։
«Հանգիստ հետևեք զարգացումներին, մենք շատ ուրախ կլինենք, որ առանց մեր օգնության իրենք կարողանան ինչ-որ գործողություն անել, կայանալ, և ընդդիմադիր դաշտում բաց տեղեր կան, պետք է որ լրացնեն այդ բացերը»։
Սա հատված էր ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:
«ՉԻ». Տպավորություն է, որ անօգնական վիճակում գտնվող մեկը փորձում է օգնել նման վիճակում գտնվող ևս մի քանիսին:
Միանաք, չմիանաք, հանրությունը վաղուց գիտի, որ այդ ուժերի թիկունքում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:
Այլ բան է, որ վերը նշված եռյակը ավելի շատ գտնվում է հենց Քոչարյանի տիրապետության տակ: Բաղդասարյանի խոսքում կա ակնհայտ նախանձ, որ Քոչարյանը փորձում է գործունեություն ծավալել՝ առանց հաշվի առնելու Սարգսյանին:
Թերևս հենց դրանով է պայմանավորված, որ Սարգսյանի ազդեցության տակ գտնվող մեկ այլ ուժ՝ «Լուսավոր Հայաստանը», չմիացավ ԲՀԿ-ի ստորագրահավաքին, որի միակ նպատակը Քոչարյանին արդարադատությունից փրկելն է:
Քոչարյանը և Սարգսյանը ուշ թե շուտ միավորվելու են նաև դե յուրե: Պարզապես այս պահին պայքար է գնում գլխավորի կարգավիճակի համար: Նրանց հովանավորության տակ գտնվող ուժերի որ բևեռը ավելի հիմնավոր հայտ ներկայացնի, ավելի լուրջ ռեսուրսներ ներգրավվի, դրա արդյունքում էլ պարզ կդառնա, թե ով կստանձնի հակահեղափոխության առաջնորդի կարգավիճակը: