...

Մինչև 800․000 դրամ տուգանք՝ աղբն այրելու համար

Մինչև 800․000 դրամ տուգանք՝ աղբն այրելու համար

Մշակվել է նոր օրինագիծ, որը կարող է էականորեն շտկել իրավիճակը վնասակար արտանետումների ոլորտում և անհամեմատ բարելավել օդի որակը մայրաքաղաքում ու հանրապետության ողջ տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից:

Ներկայացված նոր օրենսդրական նախագծով առաջարկվում է տուգանք սահմանել արտադրությունից, սպառումից, տերևաթափից առաջացած թափոնները բնակավայրերում ու դրանց շրջակայքում կամ դրա համար չնախատեսված վայրերում այրելու համար։

Նախագծով այս գործողությունները կառաջացնեն նախազգուշացում կամ տուգանքի նշանակում, քաղաքացիների նկատմամբ` 50․000 դրամի չափով, պաշտոնատար անձանց համար՝ 200․000 դրամի չափով։

Չի շրջանցվի նաև արտադրության կամ սպառման թափոնները չարտոնագրված աղբավայրերում այրելու խնդիրը։ Այս դեպքում քաղաքացիները կտուգանվեն 100․000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 400․000 դրամի չափով:

Առաջարկվում է, եթե տուգանքի նշանակումից հետո մեկ տարի ժամկետում իրավախախտումը կրկնվի՝ տույժն արդեն կազմի 200․000 դրամ՝ քաղաքացիների համար, պաշտոնատար անձանց համար՝ 800․000 դրամ։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխել է թափոնների բաց այրման հետևանքով աղբավայրերում առաջացող էկոլոգիական խնդիրներից։

Թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, արագ ու հեշտ, բայց և ամենավտանգավոր տարբերակն է։ Դրա արդյունքում շրջակա միջավայր են արտանետվում մեծ քանակությամբ դիօքսիններ և ֆուրաններ, որոնք հանդիսանում են թերի այրման արգասիքներ և կարգավորվում են «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով։

Նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը, վտանգավոր նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը և անվտանգության ապահովմանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1116 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ